Եգիպտոսի ԱԳՆ. Կահիրեն տեղի չի տա ԱՄՆ ճնշմանը

Եգիպտոսի ԱԳՆ. Կահիրեն տեղի չի տա ԱՄՆ ճնշմանը

PanARMENIAN.Net - Կահիրեն խիստ քննադատության է ենթարկել ժամանակավոր կառավարության ռազմական ու տնտեսական օժանդակության նվազեցման մասին ԱՄՆ որոշումը: Ներկայիս կառավարությանը սատարում է բանակը, այն ստեղծվել է ընտրված իսլամիստ նախագահի տապալման ու «Մահմեդական եղբայրների» ցույցերի ճնշման արդյունքում:

«Որոշումը սխալ է: Կահիրեն տեղի չի տա ԱՄՆ ճնշմանը և կշարունակի դեպի ժողովրդավարություն իր ճանապարհը հաստատված «ճանապարհային քարտեզի» շրջանակներում»,-ասել է Եգիպտոսի ԱԳՆ ներկայացուցիչ Բադր Աբդելաթթին՝ ելույթ ունենալով մասնավոր եգիպտական ռադիոկայանի եթերում, հայտնում է MIGnews-ը:

Հուլիսի 3-ին եգիպտական բանակը տեղեկացրեց Մոհամմեդ Մուրսիին, որ նա այլևս Եգիպտոսի նախագահ չէ: Զինվորականները գնացին դրան Մուրսիին կամավոր հրաժարականի դրդելու անհաջող փորձերից հետո: Եգիպտոսը, ինչպես նախկինում ԱՄՆ-ից տանկեր, ինքնաթիռներ ու դրամական օժանդակություն ստանալու համար պետք է ապացուցի հավատարմությունը ժողովրդավարական սկզբունքներին ու մարդու իրավունքներին: Նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ պետքարտուղարության մամլո ծառայությունը՝ հայտարարելով, որ դադարեցնում է ծանր սպառազինության ու դրամական ռազմական օգնության հատկացումը Կահիրեին:

Վաշինգտոնը հորդորում է Եգիպտոսի այժմյան անցումային իշխանություններին «առաջընթացի հասնել դեպի ժողովրդավարական սկզբունքներով ընտրված կառավարություն ազատ և արդար ընտրությունների միջոցով»: Վերջին իրադարձությունները, երբ իշխանությունները բավականին կոշտ ձևով ճնշեցին իսլամիստների ելույթները, մտավախություն են առաջացրել ԱՄՆ-ում:

Վաշինգտոնը տարեկան շուրջ 1,5 մլրդ դոլար է փոխանցում Կահիրեին, որից 1,3 մլրդ՝ ռազմական կարիքների համար: Միևնույն ժամանակ ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Եգիպտոսին սահմանային վերահսկողության ոլորտում՝ ահաբեկչության դեմ պայքարում ու Սինայի թերակղզում անվտանգության ապահովման առումով:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---