HRW. Սիրիացի գրոհայինները սպանում են ալևիներին

HRW. Սիրիացի գրոհայինները սպանում են ալևիներին

PanARMENIAN.Net - Սիրիացի գրոհայիններն օգոստոսյան հարձակման ժամանակ մոտ 190 խաղաղ բնակչի են սպանել և շուրջ 200 պատանդ վերցրել, հայտարարել է Human Rights Watch-ը:

Միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցում, որի կենտրոնակայանը Նյու Յորքում է, ասվում է, որ սպանությունները տեղի են ունեցել Լաթակիայի մերձակա գյուղերում, որոնք բնակեցված են հիմնականում ալևիներով՝ նրանք սատարում են նախագահ Ասադին: Նախագահ Բաշար Ասադն ու նրա կլանը մահմեդական ալևիներ են: Սիրիացի գրոհայիններն առավելապես սունիներ են: Human Rights Watch գտնում է, որ առկա տեղեկությունները «հաստատում են», որ կատարվածը կարելի է բնութագրել որպես մարդկայնության դեմ հանցագործություն:

Կազմակերպությունը գրում է, որ իր անդամներն եղել են հանցագործության վայրում և հարցման են ենթարկել շուրջ 35 մարդու, այդ թվում գյուղերի վերապրած բնակիչներին ու երկու կողմերից մարտական գործողությունների մասնակիցներին: Ինչպես ասվում է 105-էջանոց զեկույցում, օգոստոսի 4-ի վաղ առավոտյան ապստամբները գրավել են կառավարական զորքերի դիրքերը Լաթակիայում Սիրիայի հյուսիսում և գրավել են ալևիների 10 գյուղեր: Ըստ կազմակերպության տվյալների, խաղաղ բնակիչներին սպանել են նույն օրը:

Ըստ HRW-ի, Լաթակիայի արվարձանում հարձակմանը մասնակցել են ապստամբների շուրջ 20 խմբավորումներ, իսկ խաղաղ բնակիչների դեմ գործողություններին մասնակցել է 5 խմբավորում: Նրանց թվում է եղել նաև ապստամբների գլխավոր ուժը՝ Սիրիայի ազատ բանակը:

Հարձակմանը մասնակցած երկու խմբավորումներ՝ «Իրաքի և Շամայի իսլամական պետությունն» ու «Ջաիշ ալ Մուհաջիրին վալ Անսարը», պատանդներ են վերցրել, առավելապես կանանց ու երեխաների, որոնց պահում են մինչ օրս: Հաջորդ օրը կառավարական ուժերը դիմել են հակագրոհի և օգոստոսի 18-ին վերականգնել են վերահսկողությունն այդ տարածքում: Ապստամբների գործողությունները ներքևից բխած նախաձեռնություն չէր, նշել է HRW Մերձավոր Արևելքի գծով տնօրենի պաշտոնակատար Ջո Սթորկը: «Այդ գործողությունը համակարգված, պլանավորված հարձակում էր ալևիների գյուղերի քաղաքացիական բնակչության դեմ»,-հավելել է նա:

Կազմակերպությունը նշում է, որ իսլամիստական խմբավորումների կազմում շատ են օտարերկրացիները, իսկ ֆինանսավորվում են նրանք Քուվեյթի ու Պարսից ծոցի այլ երկրների մասնավոր անձանց կողմից: Իրավապաշտպանները հորդորում են ՄԱԿ-ին էմբարգո սահմանել սիրիական խմբավորումների զենքի մատակարարման գծով, որոնց հանդեպ մեղադրանքներ կան ռազմական հանցագործությունների վերաբերյալ, հայտնում է ВВС-ին:

Սիրիայում արդեն 2 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 150 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:Ամեն օր մոտ 6 հազար սիրիացի փախստական է դառնում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---