31 մարտի 2006 - 15:01 AMT
Իրանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 50-ի
Իրանի Լորեստան արեւմտյան նահանգում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի արդյունքում, վերջին տվյալներով, զոհերի թիվը հասել է 50-ի, շուրջ 850 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել: Լուրջ ավերածություններ են գրանցվել շուրջ 400 բնակավայրերում, որոնցից 20-ը` Դորուդ եւ Բորուջեդ քաղաքների մերձակայքում ավերվել է 20-95 տոկոսով: Աղետի գոտում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները: Ողբերգության վայր են ժամանել «Բասիջ» ժողովրդական կամավորականների ստորաբաժանումները վիրավորներին օգնելու եւ փրկարար ջոկատներին աջակցելու համար: Կազմակերպվել է ջրի, սննդամթերքի, տաք վերմակների, վրանների եւ դեղորայքի առաքում տուժածների համար: Վերջին 12 ժամվա ընթացքում սա արդեն երրորդ երկրաշարժն է այս տարածաշրջանում: Անցյալ գիշեր մինչեւ 5 բալ ուժգնության ստորերկյա ցնցումներ են գրանցվել: