31 մարտի 2006 - 15:25 AMT
Գ.Լենմարկերը Ղարաբաղի հարցի լուծման համար առաջարկում է օգտագործել Ալանդյան կղզիների մոդելը
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գծով հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը առաջարկում է օգտագործել Ալանդյան կղզիների մոդելը այդ հարցի կարգավորման համար: Այդ մասին հաղորդել է վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակության անդամ, ԱՀ միլի մեջլիսի ագրարային քաղաքականության մշտական հանձնաժողովի նախագահ Էլդար Իբրահիմովը: Նրա խոսքերով, մարտի 26-ին ուկրաինական խորհրդարանական ընտրություններին հետեւելու նպատակով ԵԱՀԿ ԽՎ կազմում Կիեւում գտնվելիս, նա հանդիպումներ է ունեցել Վեհաժողովի նախագահ Էյսի Հասթինգսի, Վեհաժողովի գլխավոր քարտուղար Սպենսեր Օլիվերի եւ նրա տեղակալ Վիտալի Եվսեեւի հետ եւ խնդրել նրանց հակամարտության գծով Գ.Լենմարկերին Ադրբեջան գործուղել ապրիլի սկզբին:

«Անցյալ տարվա հոկտեմբերին Լենմարկերը եղավ Հայաստանում եւ պարզեց այդ երկրի կառավարության կարծիքը զեկույցի վերաբերյալ: Ադրբեջան այն ժամանակ նա չեկավ, քանի որ այստեղ ընտրություններ էին: Ես չգիտեմ, թե զեկույցի որ մանրամասների մասին է Լենմարկերը պայմանավորվածության եկել հայկական կողմի հետ: Գիտեմ միայն, որ նա պետք է այցելի նաեւ Ադրբեջան: Հավանաբար, այցի ընթացքում նա կհանդիպի ԵԱՀԿ ԽՎ-ում պատվիրակության անդամների, արտգործնախարարի, միլի մեջլիսի նախագահի, անհրաժեշտության դեպքում նաեւ նախագահի հետ: Հիմնական նպատակը լինելու է իր նախապատրաստած զեկույցի մանրամասների քննարկումը»,-հայտարարել է ադրբեջանցի պատգամավորը:

Պատասխանելով Լենմարկերի Ադրբեջան կատարելիք այցի ձգձգման պատճառների մասին հարցին` Է.Իբրահիմովը հայտարարել է. «Գորան Լենմարկերը գործում է ԵԱՀԿ Մինսկի խմբի նման, ամեն կերպ ձգձգելով կարգավորումը: Նրանք բոլորը կրկնում են, թե թող երկու պետությունները քաղաքական կամք դրսեւորեն եւ պայմանավորվածության հասնեն, իսկ մենք կաջակցենք: Մենք իրենց հարցնում ենք այդ դեպքում դուք ինչի՞ համար եք, ո՞րն է ձեր առաքելությունը»:

Անդրադառնալով հաղորդագրություններին այն մասին, թե Գ.Լենմարկերը առաջարկել է հաշտեցման հանձնաժողով ստեղծել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, ադրբեջանցի խորհրդարանականը նշել է, որ «մինչ այժմ նման առաջարկ բանակցություններում չի քննարկվել: Ով նման բան է ասում, սխալվում է»: «Հայերին եւ մեզ հաշտեցման հանձնաժողով պետք չէ: Տարբեր միջազգային կազմակերպություններում Ադրբեջանի եւ Հայաստանի պատգամավորները նստում են դեմ առ դեմ եւ խոսում իրար հետ: Նրանք շարադրում են իրենց դիրքորոշումը, մենքէ մերը: Հայաստանը հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի հետ միավորվելու օգտին, Ադրբեջանը` իր կազմում պահելու օգտին»,-հայտարարել է նա: Մեկնաբանելով Լենմարկերի դիրքորոշումը` Է.Իբրահիմովը նշել է. «Գ.Լենմարկերը ազգությամբ շվեդ է: Ժամանակին շվեդներով բնակեցված Ալանդյան կղզիներում, որոնք Ֆինլանդիայի կազմում էին, նույնպես բախում եղավ, որի արդյունքում կղզիները ստացան բարձր ինքնավարության կարգավիճակ: Այդ հարցը արտացոլվել է Լենմարկերի զեկույցում: Նա նշում է, որ Ալանդների շվեդ բնակչությունը երկար ժամանակ է, ինչ խաղաղ եւ հանգիստ ապրում է Ֆինլանդիայի կազմում, պահպանելով իր լեզուն եւ մշակույթը: Դա նշանակում է, որ հայերը եւս կարող են հանգիստ ապրել Ադրբեջանի կազմում: Գտնում եմ, որ այդ առաջարկը մեր օգտին է: Հակամարտության կարգավորումից հետո անվտանգության երաշխիք կտրվի Ադրբեջանի բոլոր ազգություններին», հաղորդում է ադրբեջանական «525» թերթը: