31 մարտի 2006 - 15:46 AMT
Ֆրանսիայի սոցիալիստական խմբակցությունը Հայոց ցեղասպանության ուրացման դեմ օրենքի նախագիծ կներկայացնի
Օրերս ֆրանսիական խորհրդարանի սոցիալիստական խմբակցությունը որոշել է Հայոց ցեղասպանության ուրացման դեմ օրենքի նախագիծ ներկայացնել խորհրդարանին: Հայ Յեղափոխական Դաշնակցության Արեւմտյան Եվրոպայի Կենտրոնական կոմիտեն հաղորդագրությամբ ողջունել է սոցիալիստ պատգամավորների նախաձեռնությունը, որով, այսպիսով, գործի են դրվում կուսակցության առաջին քարտուղար Ֆրանսուա Հոլանդի հանձնառությունները: «Այս երկրորդ անգամն է, որ խորհրդարանի սոցիալիստական խմբակցությունը խորհրդարանական ուղին օգտագործում է հօգուտ հայության: 1998թ մայիսի 29-ից հետո, որը տրամադրված էր Հայոց ցեղասպանության ճանաչման օրենքին, Սոցիալիստական կուսակցությունը կարող է 2006 թ. մայիսի 18-ն օգտագործել Ցեղասպանության ուրացումն արգելող օրենքի համար, որպեսզի այն ընդունվի առաջին ընթերցմամբ»,- ասված է հաղորդագրության մեջ: Այս օրենքի ընդունմամբ Հայոց ցեղասպանությունն ուրացողներն արդեն ինքնաբերաբար կդատապարտվեն ֆրանսիական արդարադատության կողմից: