Freedom House-ը կոչ է անում ԵՄ-ին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ

Freedom House-ը կոչ է անում ԵՄ-ին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ

PanARMENIAN.Net - Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության տնօրեն Դևիդ Քրամերը, որը հայտնի է Ադրբեջանի հասցեին իր հաճախակի քննադատությամբ, կարծիք է հայտնել այդ երկրում անցած նախագահական ընտրությունների մասին:

Ըստ նրա, ընտրություններն Ադրբեջանում անցել են ոչ ժողովրդավար, կառավարությունն անտեսել է ստանձնած միջազգային պարտավորությունները: Այդ առթիվ նա կոչ է արել Եվրամիության ղեկավարությանը պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ:

«Մենք հորդորում ենք Եվրամիությանն առավել լուրջ վերաբերվել ժողովրդավարության ու մարդու իրավունքների հարցերին և դադարեցնել Ադրբեջանի պաշտոնատար անձանց համար մուտքի արտոնագրերի պարզեցման շուրջ բանակցությունները»,- ասել է Քրամերը, հայտնում է haqqin.az-ը:

Նախագահական ընտրություններն Ադրբեջանում չեն համապատասխանել միջազգային չափանիշներին, հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարի Հարֆը:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը ներկայացրել է հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում կայացած նախագահական ընտրությունների նախնական գնահատականը: Ինչպես հայտնում է SalamNews-ը, այդ մասին մամլո ասուլիսում հայտարարել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Տանա դե Զուլուետան:

«Մեր առաքելությունն Ադրբեջանում մեկնարկել է օգոստոսի 28-ին: Սեպտեմբերի 11-ին երկիր են ժամանել 30 երկարաժամկետ դիտորդներ: Մենք արդեն երկու միջանկյալ զեկույց ենք հրապարակել»,-ասել է նա: Ըստ նրա, դիտորդները տեղեկություններ են ստացել միջամտությունների և լրագրողների վրա հարձակումների մասին:

«Հետևելով ընտրական գործընթացին 6 շաբաթ շարունակ, մենք եկանք այն եզրակացության, որ ընտրությունները չէին համապատասխանում ԵԱՀԿ պահանջներին ու խորհուրդներին: Մեզ հայտնի է դարձել, որ կարծիքն ազատ արտահայտելու ու հավաքների ազատության սահմանափակումները բացասաբար են անդրադարձել ընտրությունների գործընթացի վրա»,-ասել է նա: Ադրբեջանի նախագահի ընտրություններին որպես կարճաժամկետ դիտորդ մասնակցել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ 300 դիտորդ: Առաքելության ամփոփիչ զեկույցը կհրապարակվի երկու ամսից:

Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիևն ընտրություններում հավաքել է ձայների գրեթե 85 տոկոսը՝ երրորդ անգամ ստանձնելով նախագահի պաշտոնը: Նրա մերձավոր մրցակից, ընդդիմադիր Ջամիլ Հասանլին հավաքել է ձայների 8 տոկոսը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---