31 մարտի 2006 - 18:05 AMT
Հայաստանի տարին Ֆրանսիայում կկազմակերպվի Հայաստանի անկախության օրվանից սկսած մինչեւ Ֆրանսիայի անկախության օրը
Մարտի 29-ին Փարիզում տեղի ունեցավ Ֆրանսիայում Հայաստանի տարվա կազմակերպական համատեղ կոմիտեի երրորդ նիստը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո- ծառայությունը: Նիստի ընթացքում հայկական եւ ֆրանսիական պատվիրակությունները քննարկեցին տարվա նախապատրաստական ընթացքը եւ միջոցառումների ծրագիրը: Նիստի շրջանակներում Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Էդվարդ Նալբանդյանը եւ Ֆրանսիայի Համագործակցության եւ Զարգացման գլխավոր տնօրեն Ֆիլիպ Էթիենը ստորագրեցին աշխատանքային փաստաթղթեր, որոնցով ամրագրվում են մինչ այժմ ձեռք բերված պայմանավորվածությունները, եւ սահամանվում են Ֆրանսիայում Հայաստանի տարվա կազմակերպական սկզբունքները: Նիստի ընթացքում հաստատվեց Հայաստանի տարվա լոգոն եւ ամփոփվեց այս պահի դրությամբ տարվա ծրագիրը, որն ընդգրկում է Ֆրանսիայի ավելի քան 40 քաղաքներում կազմակերպվելիք մոտ 200 միջոցառում: Հայաստանի տարին Ֆրանսիայում խորհրդանշական առումով կկազմակերպվի 2006թ. սեպտեմբերի 21-ից 2007թ. հուլիսի 14-ը` Հայաստանի Ազգային տոնից մինչեւ Ֆրանսիայի Ազգային տոնը, այդպիսով այն կանցնի Հայաստանի անկախության օրվանից սկսած մինչեւ Ֆրանսիայի անկախության օրը: