14 հոկտեմբերի 2013 - 16:36 AMT
ՀԱԿ ակտիվիստներին համաներմամբ ազատ արձակեցին դատարանի դահլիճից

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը հրապարակեց Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի վերաբերյալ գործով դատավճիռը: Դատարանը բողոքները բավարարեց մասնակիորեն: Ամբաստանյալ Տիգրան Առաքելյանն արդարացվեց հոդվածներից մեկով, բայց մյուս երկուսով մեղավոր ճանաչվեց ու դատապարտվեց 3 տարվա ազատազրկման: Համաներման կիրառմամբ Առաքելյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից: ՀԱԿ ակտիվիստների գործով մյուս ամբաստանյալների մեղքը դատարանն ևս ապացուցված համարեց: Արտակ Կարապետյանը ևս մեղվավոր ճանաչվեց, բայց նրա նկատմամաբ ևս համաներում կիրառվեց: Մյուս երկու ամբաստանյալները ևս մեղավոր ճանաչվեցին, բայց որոշվեց պատիժը պայմանականորեն չկիրառել:

Դատական վերջին նիստին կողմերը հանդես էին եկել պաշտպանական ճառով: Ամբաստանյալների պաշտպան Ստեփան Ոսկանյանը նշել էր, որ դատաքննության ընթացքում դատավարական կարգի խախտումներ են եղել, մեկ անգամ ևս ապացուցվել է, որ ամբաստանյալներն անմեղ են, ինչպես նաև նրանց հանդեպ առաջադրված շինծու մեղադրանքը հիմնավորող ապացույցներ չեն բերվել:

Արտակ Կարապետյանն ու Դավիթ Քիրամիջյանը հրաժարվել էին ճառից` նշելով, որ բոլորը գիտեն, թե ինչ դրդապատճառներ ունի այս գործը. նրանք պահանջեցին իրենց ազատ արձակել:

Մեկ այլ ամբաստանյալ Սարգիս Գևորգյանը հայտարարել էր, որ գործը քաղաքական դրդապատճառներ ունի:

Ինչպես դատական նիստի ավարտին տեղեկացրել էՀԱԿ ակտիվիստների փաստաբան Մուշեղ Շուշանյանը,դատական ակտն իրենց չի գոհացնում ու պատրաստվում են բողոքարկելՎճռաբեկ դատարան:

ՀԱԿ երիտասարդ ակտիվիստները մեղադրվում էին 2011թ. օգոստոսի 9-ին Կարապի լճի մոտակայքում ոստիկանների հետ միջադեպի գործով: Առաքելյանը մեղադրվում էր խուլիգանության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր և ոչ վտանգավոր բռնություն գործադրելու, Արտակ Կարապետյանը՝ խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու, իսկ Սարգիս Գևորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը խուլիգանության մեջ:

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը 2012թ. նոյեմբերի 13-ին մերժել էր Հայ ազգային կոնգրեսի 4 երիտասարդ ակտիվիստներ բողոքները: Վերաքննիչ դատարանը օրինական ուժի մեջ էր թողել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ կայացված հուլիսի 20-ի դատավճիռը, որով Տիգրան Առաքելյանը դատապարտվել էր 6 տարվա, Արտակ Կարապետյանը՝ 3, իսկ Սարգիս Գևորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը՝ 2 տարվա ազատազրկման:

ՀՀ վճռաբեկ դատարանը 2013 թվականի մայիսի 8-ի որոշմամբ մասնակիորեն բավարարել էր ամբաստանյալ Տ.Առաքելյանի պաշտպան Վ.Գրիգորյանի, ամբաստանյալներ Ա.Կարապետյանի, Ս.Գևորգյանի և Դ.Քիրամիջյանի վճռաբեկ բողոքները, բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012 թվականի նոյեմբերի 13-ի որոշումը, և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության: