Սիրիայի քրդերը միավորվել են մեկ միասնական կուսակցության կազմում

Սիրիայի քրդերը միավորվել են մեկ միասնական կուսակցության կազմում

PanARMENIAN.Net - Սիրիայի քրդամետ կուսակցությունները միավորվում են միասնական «Քրդերի սիրիական դեմոկրատական կուսակցության» կազմում, հայտնում է Anadolu գործակալությունը:

Նոր միավորման կազմում են «Քուրդ դեմոկրատների կուսակցությունը», «Ազադի կուսակցությունը» և «Քրդերի միասնության կուսակցությունը»:

Քրդերն ամենախոշոր ազգային փոքրամասնությունն են Սիրիայում, նրանց քանակը հասնում է 2,5 մլն՝ կազմելով բնակչության 9 տոկոսը:

Սիրիայի տարածքում քրդերը հիմնականում կոմպակտ են բնակվում երկրի հյուսիսային ու հյուսիս-արևելյան մասերում, որոնք ոչ պաշտոնապես կոչվում են «Սիրիական Քրդստան»: Սիրիացի քրդերի մեծ մասը ձգտում է քաղաքական ինքնավարության, ինչպիսին Իրաքյան Քրդստանն է Իրաքում, սակայն կան նաև քաղաքական անկախության կողմնակիցներ: Քաղաքացիական պատերազմի ընթացքում սիրիական կառավարական զորքերը հեռացան քրդերի կոմպակտ բնակության վայրերի մի մասից, ինչը խթանեց քրդերի ինքնակառավարման աճը:

Արաբական գարնան շրջանակներում 2011 թ. փետրվարի 4-ին Սիրիայում Facebook-ի միջոցով Ցասման օր հայտարարվեց, որին մասնակցեցին նաև քուրդ ակտիվիստները, որոնք մասնակցեցին ցույցերին: 2011 թ. հոկտեմբերի 7-ին քուրդ առաջնորդ Մաշաալ Թամոն գնդակահարվեց սեփական բնակարանում անհայտ անձանց կողմից: Թամոյի կողմնակիցներից շատերը համարեցին, որ կազմակերպիչը Սիրիայի հատուկ ծառայություններն էին: Հաջորդ օրը՝ Թամոյի հուղարկավորության ժամանակ, որին մոտ 50 հազար մարդ մասնակցեց, անվտանգության ուժերը կրակ բացեցին սգո երթի ուղղությամբ, զոհվեց 5 մարդ: 2012 թվականի հունիսին հիմնական ընդդիմադիր Սիրիայի Ազգային խորհուրդը որպես ղեկավար ընտրեց ազգությամբ քուրդ Աբդել Սեյդին, որը զբաղեցրեց այդ պաշտոնը մինչև 2012 թվականի նոյեմբերի 9-ը:

Սիրիայում արդեն երկու տարուց ավելի է շարունակվում են կառավարական ուժերի բախումները զինված ընդդիմության հետ: Ըստ ՄԱԿ տվյալների, Սիրիայում հակամարտության զոհերի ընդհանուր թիվը հասնում է 150 հազարի: Սիրիական իշխանությունները հայտարարում են, որ իրենց դիմակայում են լավ զինված գրոհայիններ:

Բնակչության ընդհանուր քանակը Սիրիայում կազմում է 20 մլն մարդ:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---