1 ապրիլի 2006 - 15:00 AMT
Արազ Ազիմով. «Բաքուն ոչ միայն չի համաձայնվի իր հողերի տրոհմանը, այլ կկանխի այն»
«Ամերիկան պետք է հասկանա, իսկ Հայաստանը` հիշի, որ Ադրբեջանական պետությունը ոչ միայն չի համաձայնվի իր հողերի տրոհմանը, այլ կկանխի այն: Սա պետք չէ ընկալել որպես մեր դիրքորոշման կարծրացում: Սա սկզբունքային դիրքորոշում է, որն Ադրբեջանը զբաղեցնում էր ի սկզբանե, հակամարտության առաջին օրավնից: Մենք հավատարիմ կմնանք մեր դիրքորոշմանը»,-հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը: Ըստ նրա, ԱՄՆ-ն հանդես է գալիս հակամարտության շուտափույթ կարգավորման օգտին եւ պատրատ է ակտիվացնել ջանքներն այդ ուղղությամբ: «Ադրբեջանը հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղում հայ եւ ադրբեջանական համայնքների խաղաղ գոյակցության եւ նրանց համապատասխան երաշխիքներ տրամադրելու օգտին: Համոզված եմ, որ ինչ-որ փուլում Ադրբեջանը կհասնի դրան, քանի որ այլ ճանապարհ չկա»,-ասել է նա:
Միեւնույն ժամանակ, ըստ Ա.Ազիմովի, Ադրբեջանը պատրաստ է ճկուն լինել կարգավորման գործում: «Ես ասում եմ սա, դիմելով նաեւ Լեռնային Ղարաբաղի իմ հայրենակիցներին` հայկական համայնքը պետք է ինքնավարություն ունենա որոշ շրջանակներում: Ըստ հայկական կողմի, Ադրբեջանի քաղաքական ուժերը հանդես են գալիս այդ տարածշրջանից Լեռնային Ղարաբաղի հայերին արտաքսելու օգտին: Դա այդպես չէ: Մենք երբեք չենք առարկել Լեռնային Ղարաբաղում հայերի, որպես այդ շրջանում Ադրբեջանի քաղաքացիների, բնակության դեմ: Հակառակը, մենք գտնում ենք, որ այդ մարդիկ պետք է ունենան համապատասխան սոցիալական, հասարակական, քաղաքական ազատություններ, որոնք պետք է ապահովել»,-ընդգծել է նա:
Ա.Ազիմովն ասել է, թե «ադրբեջանական համայնքը անպայման պետք է վերադառնա Լեռնային Ղարաբաղ»: «Մենք պետք է ապահովենք, որպեսզի երկու համայնքները կարողանան օգտվել ինքնակառավարման նույն մոդելից Ադրբեջանի օրենսդրության համաձայն: Սա ադրբեջանական կողմի կառուցողական դիրքորոշումն է: Մենք պատրաստ ենք հայերի իրավունքները չճանաչելու մեր կարծր դիրքորոշումից անցնել առավել մեղ դիրքորոշման` ապահովելով նրանց իրավունքները: Այդպիսով, Հայաստանն ու Ադրբեջանը կարող են գալ ընդհանուր հայտարարի: Որոշակիորեն սա անվանել ինչ-որ կերպ դեռեւս վաղ է, եւ կարեւոր էլ չէ: Կարեւորն այն է, որ վերկանգնվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը միջազգային հանրության աջակցությամբ, երաշխավորվեն Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի իրավունքները»,-ասել է նա: Ըստ Ազիմովի, այս հարցերը քննարկվել են Վաշինգտոնում ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի ներկայացուցիչ Սթիվեն Մաննի հետ, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը:

Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ հայտնել էր PanARMENIAN.Net-ը, մեկնաբանելով ԱՀ ԱԳՆ ղեկավարի հայտարարությունները, ԼՂՀ արտգործնախարարությունում հայտարարել են, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները միշտ կողմ են եղել ԼՂՀ մասնակցությանը կարգավորման շուրջ բանակցություններին առանց նախապայմանների: Ադրբեջանի ԱԳՆ հայտարարություններն արվում են ներքին կիրառման համար եւ չեն արտացոլում ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ իրական գործընթացը, ընդգծել են ԼՂՀ արտաքին քաղաքականության գերատեսչությունում: