ՌԴ ԱԳՆ. Մոսկվայում Ադրբեջանի դեսպանի հայտարարությունն անհիմն է ու շինծու

ՌԴ ԱԳՆ. Մոսկվայում Ադրբեջանի դեսպանի հայտարարությունն անհիմն է ու շինծու

PanARMENIAN.Net - Մոսկվայում Ադրբեջանի դեսպանի հայտարարությունը «Ռուսաստանում հակաադրբեջանական հիստերիայի բորբոքման մասին» անհիմն է ու շինծու, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Նա նշել է, որ ռուսական ԶԼՄ-ներում և պաշտոնական մեկնաբանություններում Մոսկվայի Բիրյուլովո շրջանում Եգոր Շչերբակովի սպանության գործի վերաբերյալ ազգային շեշտադրումներ չեն արվել: Մոսկվայում ղեկավարվում են օրենքի գերակայությամբ ու պատժի անխուսափելիությամբ, ասել է Լուկաշևիչը:

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել ՌԴ ԱԳՆ-ին Օրհան Զեյնալովի ձերբակալության կապակցությամբ: Բաքուն պահանջելու է հյուպատոսական աջակցություն ցուցաբերել նրան, հայտարարել է ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին: Դեսպանը նշել է, որ փաստաթղթով պահանջելու է հյուպատոսական աջակցություն ցուցաբերել Զեյնալովին: Ադրբեջանի դեսպանը կշտամբել է Ռուսաստանին «դատավարական օրենքսգրքի բոլոր պահանջները» խախտելու համար, Զեյնալովի շուրջ ԶԼՄ-ներում «հիստերիա» բարձրացնելու համար: Դեսպանի կարծիքով, մոսկվաբնակ երիտասարդի սպանությունն ադրբեջանցու կողմից «կենցաղային դեպք է», որի նմանները «եղել են, կան և կլինեն, բայց դրանք քաղաքականության մակարդակի հասցնելը և որևէ ժողովրդի դեմ հիստերիա բարձրացնելը բումերանգ է»: Որից հետո Բյուլբյուլօղլին սկսել է պատմել «ռուսների կողմից ադրբեջանցիների սպանությունների» ինչ-ինչ դեպքերի մասին: Մինչդեռ Մոսկվայի Պրեսնյայի շրջանային դատարանը մինչև դեկտեմբերի 10-ը ձերբակալել է սպանության կասկածյալ Օրհան Զեյնալովին:

«Զեյնալովը չունի մշտական աշխատանք ու ձերբակալության պահին բացակայել է մշտական գրանցման վայրից»,-հայտնել է մեղադրող կողմը:

Զեյնալովի փաստաբանը խնդրել է հետաձգել միջնորդության քննությունը 76 ժամով, սակայն դատավորը մերժել է՝ մեղադրական կողմի եզրակցությունները համարելով օրինական ու հիմնավորված:

Հոկտեմբերի 13-ին մոսկովյան Արևմտյան Բիրյուլովո թաղամասում անկարգությունների առիթ էր դարձել հոկտեմբերի լույս 10-ի գիշերը տեղի բնակիչ 25-ամյա Եգոր Շչերբակովի սպանությունը: Սկզբում որպես «ժողովրդական հավաք» կազմակերպված ցույցը վերածվել էր անկարգությունների:Բերման է ենթարկվել 400 մարդ:

Ոստիկանությունը ձերբակալել է Եգոր Շչերբակովի սպանության գործով կասկածյալ ադրբեջանցի Օրհան Զեյնալովին: Ըստ ՌԴ ՔԿ տվյալների, կասկածյալը մոտ 10 տարի է՝ բնակվում է Մոսկվայում, սակայն բնակության մշտական վայր չունի: Քննիչները պարզում են, թե արդյոք Զեյնալովն օրինական հիմունքներով էր Ռուսաստանում: Զեյնալովը ոչ պաշտոնապես խոստովանել է իր մեղքը:

Այսօր դատարանում կասկածյալը հերքել է իր մեղքը և խնդրել է ազատ արձակել գրավի դիմաց: Դատարանը չի բավարարել նրա խնդրանքը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---