Սինոփսիս Արմենիայի, ՎիվաՍել-ՄՏՍ-ի և ԵԿՏԱ-ի գործակցությամբ բացվել է կրթական նոր լաբորատորիա

Սինոփսիս Արմենիայի, ՎիվաՍել-ՄՏՍ-ի և ԵԿՏԱ-ի գործակցությամբ բացվել է կրթական նոր լաբորատորիա

PanARMENIAN.Net - Սինոփսիս Արմենիայի, ՎիվաՍել-ՄՏՍ-ի և ԵԿՏԱ-ի գործակցության շրջանակում բացվել է կրթական նոր լաբորատորիա: Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը շուրջ 31 մլն. դրամ է հատկացրել Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիային (ԵԿՏԱ)` «Կապի միջոցների միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» ամբիոնում կրթական ժամանակակից երրորդ լաբորատորիան ստեղծելու համար: ՎիվաՍել-ՄՏՍ-ի ներդրած ֆինանսական աջակցության շնորհիվ, լսարանային տարածքը համապատասխանեցվել է արդի ուսումնական պահանջներին և չափանիշներին: Այն ապահովվել է համակարգչային տեխնիկայով: Կհատկացվեն նաև ամբիոնի պրոֆեսորա-դասախոսական կազմի աշխատավարձն ու հավասարեցված այլ վճարները, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը:

2011թ.-ին կողմերը եռակողմ համաձայնագիր էին ստորագրել կրթական համատեղ ծրագրի ստեղծման մասին` ուղղված ՏՀՏ ոլորտի մասնագետներ պատրաստելուն: Երեք տարվա ընթացքում ստեղծվել է կրթական երեք լաբորատորիա, որի համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներդրել է շուրջ 74 մլն. դրամ: Սինոփսիս Արմենիան Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիային (ԵԿՏԱ) անվճար հիմունքներով տրամադրել է էլեկտրոնային ավտոմատ նախագծման ուսումնական փաթեթի հավաստագրեր, համապարփակ ուսումնական նյութեր, ինչպես նաև ամբիոնի պրոֆեսորա-դասախոսական կազմի վերապատրաստում:

«Կթրությունն այն ոլորտն է, որի զարգացման համար անհրաժեշտ են լավ հաշվարկված և նպատակաուղղված ծրագրեր: Այստեղ ներդրված միջոցները հիմնականում արդյունք են տալիս ոչ թե անմիջապես, այլ`տարիներ հետո: Դրանք, սակայն, անգնահատելի են ու չափազանց կարևոր` երկրի ապագան կանխորոշելու հարցում: Մենք ձգտել ենք ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք մասնագիտացման ճանապարհին թույլ կտան ապահովել ուսանողի հաջողելու հավանականությունը և որպես մասնագետ` նրա լիարժեք կայացումը: Ժամանակակից լաբորատորիաները կարող են նորովի բացահայտել ուսանողի ձիրքերը` կրթությունը դարձնելով առավել գրավիչ և արդյունավետ»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

ԲՈՒՀ-արտադրություն համագործակցության կրթական այս մոդելի կիրառումն արդարացված է: Այն հնարավորություն է տալիս ունենալ արտադրությանը պատրաստ շրջանավարտներ, ովքեր համապատասխան գիտելիքներ և ունակություններ ունեն` արդյունավետ ցուցանիշ ապահովելու համար: Սինոփսիս Արմենիայի կողմից իրականացվող կրթական մոդելի համաձայն ՝ բակալավրական ծրագրի երկրորդ կուրսի ավարտին, բարձր առաջադիմությամբ ուսանողները մրցութային կարգով ընդգրկվում են ծրագրում: Ընտրությունը կատարվում է Սինոփսիսի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի մասնագետների և ԵԿՏԱ դասախոսների կողմից: «Կապի միջոցների միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» ամբիոնի բակալավրական կրթական ծրագիրն այս տարի կտա իր առաջին շրջանավարտներին: Բակալավրական կրթական ծրագիրն ավարտած լավագույն ուսանողներն այժմ հնարավորություն ունեն ուսումնառությունը շարունակել ամբիոնի մագիստրատուրայում:

«Տեղեկատվական և հեռահաղորդակցության ոլորտի զարգացման գերկարևոր նախապայման է բարձրորակ և ժամանակակից պահանջներին բավարարող մասնագետների առկայությունը», - ասել է Սինոփսիս Արմենիայի տնօրեն Հովիկ Մուսայելյանը: «Այս ծրագիրը ոլորտում տեսական գերժամանակակից գիտելիքներով և գործնական հմտություններով զինված մասնագետների պատրաստման համար եռակողմ համագործակցության փայլուն օրինակ է»:

«Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր ամբիոնը ավելի մեծ հնարավորություն ստացավ էլ ավելի բարելավելու «Կապի միջոցների միկրոէլեկրոնային սխեմաներ և համակարգեր» մասնագիտացմամբ ուսանողների մասնագիտական որակների բարձրացման համար», - ասել է ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, Սինոփսիս Արմենիայի ուսումնականա դեպարտամենտի տնօրեն և ԵԿՏԱ-ի «Կապի միջոցների միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» ամբիոնի վարիչ Վազգեն Մելիքյանը: «Նոր լսարանի բացումը հնարավորություն կտա սկսել իրագործել մագիստրոսական ծրագիր նոր մասնագիտությամբ»:

«Այս համագործակցությունը Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի և Սինոփսիս Արմենիայի, ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ մեծապես նպաստում և աջակցում է Ակադեմիայի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի բարելավմանը՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ուսանողներին առաջարկելով նոր մակարդակի մասնագիտական գիտելիքներ ու հմտություններ հատկապես միկրոէլեկտրոնիկայի մասնագիտացման շրջանակներում», - ասում է ԵԿՏԱ ռեկտոր Անդրանիկ Ավետիսյանը: «Ուսումնառության ընթացքում և պրակտիկաների ժամանակ ուսանողներին հնարավորություն է ընձեռնվում կիրառել գիտելիքները և հմտությունները իրական նախագծերի շրջանականերում, ինչը ևս նպաստում է անմիջապես ուսումնառության ավարտից հետո մասնագիտական աշխատանքը մեկնարկելուն»:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---