3 ապրիլի 2006 - 14:55 AMT
Վրաստանը պահանջում է փակել Աբխազիայի ռուսական ռազմակայանը
Վրաստանը պահանջում է փակել Աբխազիայի Գուդաուտա քաղաքի ռուսական ռազմակայանը, հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Օքրուաշվիլին: «Մենք սկզբունքայնորեն պահանջում ենք համաշխարհային հանրությունից ներկայացնել այնտեղ կատարվող իրադարձությունների լիարժեք պատկերը: Մենք պահանջում ենք նաեւ, որ այդ ռազմակայանը արժանանա Ախալքալաքի եւ Բաթումի ռուսական ռազմակայանների ճակատագրին»,-ասել է Օքրուաշվիլին «Ռուստավի-2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Նախարարը հաղորդել է, որ իր տվյալներով, մոտավորապես երեք օր առաջ աբխազական զինված կազմավորումները փորձել են զինամթերք բռնագրավել Գուդաուտայի ռազմակայանից, սակայն ռուս զինվորականները կրակ են բացել եւ վիրավորել մի քանի աբխազների: Այդ փաստն, ըստ Օքրուաշվիլու, խոսում է այն մասին, որ ռուսական ռազմակայանը փակ չէ եւ «այնտեղ կան ուղղաթիռներ, զինված զինվորականների համակազմ»:

Հիշեցնենք, որ մարտի 31-ին Սոչիում ստորագրվել է վրաց-ռուսական համաձայնագիր Վրաստանի տարածքից ռուսական ռազմակայանների դուրս բերման եւ գործունեության կարգի մասին: Խոսքը գնում է Բաթումի (Աջարիա) եւ Ախալքալաքի (Վրաստանի հարավ) ռազմակայանների մասին: Երկու կայաններն էլ պետք է դուրս բերվեն մինչեւ 2007 թվականի տարեվերջ: Մինչ ռազմակայանների փակումը ռուսական զինվորականները կօգտվեն Թբիլիսիի մերձակա Մցխեթա քաղաքի բնակտարածքից եւ մի շարք օբյեկտներից: Բացի այդ, նրանց տրամադրության տակ կմնա Թբիլիսիում տեղակայված Անդրկովկասում ռուսական զորքերի խմբի (ԱՌԶԽ) կենտրոնակայանը: Ռոսւ զինծառայողները վրաց զինվորականների հետ համատեղ կօգտվեն Թբիլիսիի մերձակա Քոջորի ավանի զինվորական մասի կապի միջոցներից եւ Աջարիայի Գոնիո հրաձգարանից: Սակայն ռուսական կողմը արդեն չի կարող օգտագործվել Գոնիոն հրաձգության համար:

Բացի այդ, Մոսկվան եւ Թբիլիսին համաձայնագիր են ստորագրել, ըստ որի Վրաստանը իր տարածքն է տրամադրում Հայաստանում ռուսական ռազմակայանների ապահովման համար անհրաժեշտ բեռների տարանցման համար: Օքրուաշվիլին հեռուստահարցազրույցում հիշեցրել է նաեւ, որ Վրաստանի հակամարտության գոտիներում` Աբխազիայում եւ Հարավային Օսիայում դեռեւս կան ռուս խաղաղապահներ, սակայն հանրապետության խորհրդարանն ու կառավարությունը աշխատում են դրանց դուրս բերման ընթացակարգի մշակման ուղղությամբ: «Ես հուսով եմ, որ մինչ տարեվերջ գոնե մեկ տարածքի առումով աշխատանքը կավարտվի, եւ նրանք (խաղաղապահները) կհեռանան Հարավային Օսեթիայի տարածքից»,-հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարարը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»: