22 հոկտեմբերի 2013 - 13:59 AMT
Քեթրին Էշթոն. ԵՄ-ն կշարունակի գործակցել Արևելյան գործընկերության երկրների հետ

Եվրամիության 28 երկրների ԱԳՆ ղեկավարներն երկուշաբթի Լյուքսեմբուրգում հաստատել են, որ հավատարիմ են Արևելյան գործընկերության ծրագրի անդամ պետությունների հետ հարաբերությունների խորացմանը, որով նախատեսվում է քաղաքական ու տնտեսական մերձեցում Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի ու Բելառուսի հետ, հայտնել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մենք ձեռնարկում ենք բոլոր ջանքերը, որպեսզի առաջիկա գագաթաժողովը Վիլնյուսում հաջող լինի: Մենք կամրապնդենք համագործակցությունը ինչպես միակողմանի, այնպես էլ բազմակողմանի հիմքի վրա»,-հայտարարել է նա հանդիպման ավարտին: Էշթոնը վստահություն է հայտնել, որ Վիլնյուսի գագաթաժողովը «նոր գլուխ» կբացի Արևելյան գործընկերության երկրների հետ հարաբերություններում:

Էշթոնը հայտնել է նաև, որ նախարարները դիտարկել են Կիևի կողմից ԵՄ պահանջների կատարումը: Վիլնյուսում նախատեսվում էր ԵՄ և Հայաստանի միջև Ասոցացման համաձայնագրի նախաստորագրում, սակայն սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում: Այնուհետև Եվրահանձնաժողովը հանդես եկավ հայտարարությամբ, համաձայն որի Ասոցացման մասին համաձայնագիրը և Խորը ու համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը (DCFTA) կարող են համատեղելի լինել ԱՊՀ անդամ երկրների հետ տնտեսական համագործակցության հետ:

Մինչդեռ, ՀՀ ղեկավարները հայտարարում են, որ ՄՄ-ին միանալու մտադրության մասին որոշումը չի անդրադառնա Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի վրա և Ասոցացման մասին համաձայնագիրը կնախաստորագրվի Վիլնյուսում:

Ելույթ ունենալով ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում, հոկտեմբերի 2-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը կմասնակցի Վիլնյուսի գագաթաժողովին և պատրաստ է ստորագրել Ասոցացման համաձայնագիրը ԵՄ հետ: Իր հերթին ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի մամլո քարտուղար Փիթեր Ստանոն հայտարարեց, որ ՀՀ և ԵՄ միջև ստորագրման համար ոչ մի փաստաթուղթ չի պատրաստվում: «Մենք փորձում ենք Հայաստանի հետ հետագա համագործակցության ուղիներ գտնել` հիմնվելով առկա նվաճումների վրա»,-ասել է Ստանոն: