22 հոկտեմբերի 2013 - 15:08 AMT
Ամերիաբանկի ֆինանսավորմամբ գործարկվել է ASCE GROUP մետաղաձուլական գործարանը

Դեռևս 2012թ. Ամերիաբանկը նախաձեռնել էր Անդրկովկասում առանձնահատուկ նշանակության նախագծի ֆինանսավորում` առևտրի ֆինանսավորման գործիքների կիրառմամբ: Հայաստանի Չարենցավան քաղաքում գործարկվեց բարձրակարգ տեխնոլոգիական միջոցներով հագեցած ASCE GROUP ամենաժամանակակից մետաղաձուլական գործարանը, որի սարքավորումները ներկրվել և տեղադրվել են աշխարհահռչակ Siemens ընկերության միջոցով: Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 7.8 մլրդ դրամ, որից ավելի քան 6.5 մլրդ դրամը ֆինանսավորվել է Ամերիաբանկի կողմից` առևտրի ֆինանսավորման գործիքների միջոցով, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը:

Արդյունավետ համագործակցելով Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) հետ` Ամերիաբանկը վերջինիս կողմից իրականացվող առևտրի ֆինանսավորման ծրագրի շրջանակներում իրականացրել է Հայաստանի տնտեսության համար կարևորագույն նշանակություն ունեցող գործարանի կառուցման ֆինանսավորումը:

Ամերիաբանկի կորպորատիվ հաճախորդների գծով տնօրեն Գագիկ Սահակյանը նշեց. «Հայաստանի տնտեսության համար անչափ կարևոր է միջազգային չափանիշներին համապատասխան ASCE GROUP գործարանի կառուցումը: Ամերիաբանկը բարձր է գնահատում համագործակցությունը միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ, որի շնորհիվ հնարավոր եղավ իրագործել տարածաշրջանում առաջնակարգ գործարանի կառուցման նախագիծը: Գործարանի բարձրակարգ արտադրանքը մեծապես կնպաստի կցամասերի նկատմամբ տեղական շուկայի և տարածաշրջանի պահանջների բավարարմանը: Նման հզոր գործարանի առկայությունը կխթանի Հայաստանի տնտեսության զարգացմանը, ՀՆԱ-ի կառուցվածքում արդյունաբերության ծավալների ավելացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանն ու հայրենական արտադրանքի մրցունակության բարձրացմանը»: