22 հոկտեմբերի 2013 - 17:05 AMT
Բիձինա Իվանիշվիլի. Սահակաշվիլին քաղաքական ապագա չունի

Կան բազում գործեր, որոնց վերաբերյալ նախագահ Սահակաշվիլին, հավանաբար, ստիպված կլինի պատասխանել իրավապահ մարմինների հարցերին, այդ թվում կարող է լինել նաև վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան գործը, հայտարարել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:

«Բնականաբար, կան հարցեր, և բնականաբար, եթե ես հիմա ասեմ, որ չկան կամ նման հավանականություն չկա, դա սուտ կլինի և ոչ ոք դա չէր հասկանա: Եթե նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին բանտում է, եթե ՊՆ նախկին ղեկավար Բաչո Ախալայան բանտում է, եթե ՊՆ երկրորդ նախարար Դավիթ Կեզերաշվիլուն ձերբակալել են Ֆրանսիայում, նախկին գլխավոր դատախազ Զուրաբ Ադեիշվիլին հետապնդվում է, ինչպես և բազում այլ պաշտոնյաներ, եթե նրանց վերաբերյալ այդքան հարցեր կան հասարակության շրջանում, բնականաբար, հարցեր կան նաև Սահակաշվիլիի պարագայում»,-հայտարարել է վարչապետը: «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, որը եթեր դուրս եկավ հոկտեմբերի 21-ին, Բիձինա Իվանիշվիլին հայտարարեց նաև, որ «ոչ մի ցանկություն չունի, որ իր նախագահին հարցաքննեն կամ առավել ևս բանտ նստեցնեն: Իմ երկրի նախագահ Սահակաշվիլին առանձին իրադարձություն է, նա անձնավորություն է»:

«Դա լավ չէ երկրի իմիջի համար»,-հայտարարել է նա, հավելելով, սակայն, որ ինքը չէ, որ պետք է լուծի այդ հարցը և չի կարող միջամտել ապագային, առավել ևս, երբ «ես հեռանում եմ քաղաքականությունից»: Նա նաև նշել է, որ Սահակաշվիլին չունի քաղաքական ապագա, հայտնում է «Գրուզիա online»-ը:

Վրաստանի վարչապետ Զուրաբ Ժվանիան մահացել է 2005 թվականի փետրվաին: Ըստ քննության նախնական պաշտոնական վարկածի, որը հրապարակվեց նրա մահից մի քանի ժամ անց, վարչապետը մահացավ գազի արտահոսքից՝ սխալ տեղադրված գազային ջեռուցման սարքի պատճառով: Ժվանիայի հետ էր այդ բնակարանում նաև Քվեմո Քարթլի տարածաշրջանի փոխնահանգապետ Ռուլ Ուսուպովը, որը, ըստ գոյություն ունեցող վարկածի, մահացել է նույն պատճառով:

Քանի որ մահվան պաշտոնական վարկածում բազում անհամապատասխանություններ կան, Զուրաբ Ժվանիայի եղբայրը՝ Գոգլա Ժվանիան, որն այժմ պատգամավոր է «Վրացական երազանք» կոալիցիայից, վաղուց արդեն հայտարարում է, որ իր եղբայրը սպանվել է: Նա մեղադրում է նախագահ Սահակաշվիլիին հանցագործությունն առնվազն պարտակելու մեջ:

Նախագահ Սահակաշվիլին հոկտեմբերի 17-ին հայտարարել է. «Ժվանիան իմ մերձավոր ընկերն էր և բոլորը հիանալի գիտեն, թե այնտեղ ինչ է տեղի ունեցել: Դժբախտ պատահար է տեղի ունեցել: Եղել է նաև ՀԴԾ եզրակացությունը, ընտանիքը ծանոթ է դրան: Մենք չհրապարակեցինք այդ եզրակցությունը հասկանալի պատճառներով, քանի որ այնտեղ շատ խորը ու մանրակրկիտ հարցեր են վեր հանվում…Իրականում Զուրաբի անունը սրբության սրբոց է իմ համար: Ոմանց համար այն անձեռնմխելի չէ, այդ թվում ընտանիքի անդամների, թող դա նրանց խղճին լինի»: