23 հոկտեմբերի 2013 - 11:00 AMT
ՄՄ երկրների ղեկավարների հանդիպման գլխավոր հարցը կլինի Հայաստանի անդամակցության հայտը

Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի նախագահները հոկտեմբերի 24-ին Մինսկում կքննարկեն Մաքսային միության, Միասնական տնտեսական տարածքի և դրա հիման վրա Եվրասիական տնտեսական միության զարգացման հարցերը:

Վլադիմիր Պուտինի, Ալեքսանդր Լուկաշենկոյի և Նուրսուլթան Նազարբաևի հանդիպման հիմնական հարցերից մեկը, ինչպես ակնկալվում է, կլինի Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու հայտի քննությունը, հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Չի բացառվում, որ քննարկմանը կմասնակցի նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահները կքննարկեն նաև Ղրղզստանի անդամակցության հարցը միությանը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 24-ին Բելառուսում կմասկանցի ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին:

Նիստի ընթացքում մասնակից պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն ԱՊՀ շրջանակում իրականացվող գործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Հանդիպումը կանցնի Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի ձևաչափով, որը համարվում է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի գլխավոր մարմինը: Նախորդ հանդիպումը տեղի է ունեցել Աստանայում, հաջորդը կկայանա Մոսկվայում:

Նույն օրը Պուտինն առանձնազրույցներ կունենա Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ:

Ուրբաթ օրը Մինսկում կկայանա ԱՊՀ գագաթնաժողովը:

Ըստ Ուշակովի, գագաթնաժողովում կքննակվեն «Մաքսային միության գործունեության որոշ գործնական հարցեր»: Նախագահները նաև պայմանավորվել են ուշադրության կենտրոնում պահել 2015 թ. հունվարի 1-ից կազմավորվող Եվրասիական տնտեսական միության կազմավորմանը: «Սա կարևոր թեմա է ինտեգրացիոն գործընթացների ընդլայնման համար Հայաստանի վերջերս արված հայտարարության ներքո. չափազանց կարևոր հարց է»,- ասել է նա:

Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում:

Հոկտեմբերի 21-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չէր բացառել, որ Մինսկում կայանալիք հանդիպմանը «կարող է ինչ-որ փաստաթուղթ ստորագրվել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ»: Սակայն, նշել էր նաև՝ Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը մոտակա օրերի հարց չէ, քանի որ երկիրը պետք է «միանալու ուղին» անցնի: Լուկաշենկոն ասել էր, որ «այսօրվա դրությամբ խոսքը գնում է ինչ-որ կիսաքայլի մասին Հայաստանի կողմից մի նպատակով՝ որ նա մեզ հետ լինի»: ՄՄ ակնկալում էր, որ Կիևը ևս կանադամակցի միությանը, քանի որ Ուկրաինան արդեն դիտորդի կարգավիճակ ունի, սակայն վերջինս մտադիր է Ասոցացման համաձայնգաիր կնքել ԵՄ հետ: Մաքսային միությանը միանալու ցանկության մասին նախկինում հայտարարել էր նաև Ղրղզստանը; Ըստ Լուկաշենկոյի, նրա նախաձեռնությունը ևս կքննարկվի Մինսկում:

Երկրորդ փուլում ՌԴ, Բելառուսի ու Ղազախստանի նախագահներին կմիանան նրանց պաշտոնակիցները Հայաստանից, Ղրղզստանից ու Ուկրաինայից: «Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստը կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների համար»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

Ըստ Ուշակովի, նիստի համար նախապատրաստվել է փաստաթղթերի փաթեթ: Ստորագրման է պատրաստվում Թմրանյութերի տեղաշարժի իրավական կարգավորման մասին համաձայնագիրը, կքննարկվի նաև ՄՏՏ բյուջեի 2012 թ. կատարողականը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Մաքսային միությունն իր աշխատանքը սկսել է 2010 թվականին: Սկզբում միությանն անդամկցում էին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Հետագայում միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարեցին նաև Ղրղզստանն ու Տաջիկստանը:

Պաշտոնական ձևակերպման համաձայն, Մաքսային միությունը Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի առևտրատնտեսական ինտեգրման ձև է, որը միասնական մաքսային տարածք է նախատեսում, որի սահմաններում փոխադարձ առևտրի դեպքում մաքսային տուրքեր ու տնտեսական բնույթի սահմանափակումներ չեն կիրառվում, բացառությամբ միայն հատուկ պաշտպանիչ, հակադեմպինգային ու հատուցման միջոցների: Ընդ որում մասնակից երկրները օգտվում են միասնական մաքսային սակագնից և առևտրի կանոնակարգման միասնական միջոցներ երրորդ երկրների հետ: Մաքսային միության միասնական մաքսային տարածքը կազմում են Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի տարածքները, ինչպես նաև այդ պետությունների տարածքներից դուրս գտնվող արհեստական կղզիներ, շինություններ, սարքեր ու այլ օբյեկտներ, որոնք հանդեպ ՄՄ անդամ պետությունները բացառիկ իրավատիրություն ունեն: