23 հոկտեմբերի 2013 - 16:37 AMT
ՌԴ ԱԳՆ-ում հաջողված են համարում Հայաստանի նախագահությունը ԵԽ Նախարարների կոմիտեում

Ռուսաստանի ԱԳՆ հատուկ հանձնարարությունների գծով դեսպան, մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության հարցերով ԱԳՆ լիազոր ներկայացուցիչ Կոնստանտին Դոլգովը այսօր հաջողված է համարել Հայաստանի ավարտվող նախագահությունը ԵԽ Նախարարների կոմիտեում: «Հայաստանի նախագահությունը ԵԽ Նախարարների կոմիտեում, հիմնականում, հաջող է անցել և ավարտվում է դրական նոտայով»,-ասել է Կոնստանտին Դոլգովը, որը Երևանում մասնակցել է Եվրոպայում ռասիզմի, այլատյացության ու անհանդուրժողականության դեմ պայքարին նվիրված խորհրդաժողովին:

«Խորհրդաժողովն այդ նախագահության վերջին ակորդներից մեկը դարձավ»,-ասել է դիվանագետը:

«Տեղի ունեցավ շատ օգտակար, ընկերական, գործընկերային երկխոսություն ՀՀ ներկայացուցիչների, Հայաստանի ԱԳՆ ղեկավարության հետ,-ասել է Դոլգովը:-Քննարկվեցին հումանիտար ոլորտում համագործակցության ամրապնդման ուղիները երկկողմ համագործակցության ոլորտում և հումանիտար հարթակներում»:

«Կայացավ շատ օգտակար երկխոսություն մեր հայ գործընկերների հետ, որն, անշուշտ, մենք կշարունակենք»,-ասել է դիվանագետը, հայտոնւմ է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Մինչ այդ ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նշել էր, որ ԵԽՆԿ-ում Հայաստանի նախագահության շրջանում կազմակերպվել է շուրջ 10 կարևոր միջոցառում, այդ թվում եղել է նաև ՀՀ նախագահի այցը Ստրասբուրգ, Երևանում տեղի է ունեցել«Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները ԵԽ անդամ երկրներում» համաեվրոպական խորհրդաժողովը, հանդիպում ԵԽ միջմշակութային երկխոսության կրոնական պլատֆորմի շրջանակում, Եվրոպայի դատախազների խորհրդակցական մարմնի ընդլայնված նիստը, խորհրդակցություն ԵԽ անդամ երկրների մայրաքաղաքների քաղաքապետերի մասնակցությամբ, կրթության նախարարների տարածաշրջանային հանդիպում, ինչպես նաև այսօրվա համաժողովը:

Նա նաև շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդի քարտուղարությանը և անձամբ գլխավոր քարտուղարին նախագահության շրջանում Հայաստանին աջակցելու համար:

Հայաստանը 6 ամսով ստանձնեց ԵԽՆԿ նախագահությունը մայիսի 16-ին: