23 հոկտեմբերի 2013 - 18:00 AMT
ՄՄ երկրները շահագրգռված են, որ Հայաստանը զարգանա ու կայունություն բերի տարածաշրջան

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության առավելությունները փոխադարձ են, Deutsche Welle-ին տված հարցազրույցում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ՝ ՄՄ կանոնակարգող մարմին) առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը: Ըստ նրա, եթե խոսելու լինենք ՄՄ շահի մասին, ապա պետք չէ մոռանալ, որ Հայաստանն եղել է ԽՍՀՄ տեխնոլոգիապես ամենազարգացած հանրապետություներից մեկը: «Այնտեղ կար և դեռ պահպանվում է համապատասխան արդյունաբերություն: Անշուշտ, կան կորուստներ, սակայն բազան պահպանվել է»,-ասել է Սլեպնյովը: Եվ հետո, ըստ նրա, ՄՄ երկրները շահագրգռված են, որ Հայաստանն ակտիվորեն զարգանա ու բարգավաճ լինի և կայունություն բերի այնպիսի բարդ տարածաշրջան, ինչպիսին Հարավային Կովկասն է:

Ինչ վերաբերում է ՄՄ-ին նոր անդամների անդամակցության հեռանկարին, ապա առևտրի նախարարը հայտարարել է, որ հեռանկարներն որոշում են երկրների նախագահները, դեռևս կոնկրետ ժամկետներ չկան: Կա ընթացակարգ, որը պետք է անցնի պետությունը, որը ցանկանում է միանալ միությանը: Օրենսդրության վերլուծության ու ներդաշնակեցման ուղղությամբ պետք է աշխատանք կատարվի:

«Հուսով եմ, դա կհաջողվի անել ավելի սեղմ ժամկետում, քան, օրինակ, ԵՄ-ին անդամակցելու դեպքում է: Այստեղ առավելությունն այն է, որ մենք թեկնածուների հետ ընդհանուր շատ բան ունենք»,-ասել է նա:

Անդրադառնալով Մաքսային միության ու ԵՄ հարաբերություններում բարդություններին՝ Սլեպնյովը նշել է, որ գլխավոր խնդիրն է, որ տնտեսական տրամաբանությունը հակասության մեջ է մտել քաղաքականության հետ: «Տնտեսական տրամաբանությունը հուշում է, որ պետք է ամբողջ ուժով զարգացնել գործակցությունը՝ ԵՄ-ն առաջին գործընկերն է ՄՄ համար, իսկ մենք՝ երրորդն ԵՄ համար Չինաստանից ու ԱՄՆ-ից հետո: Մերձեցում է ուզում նաև բիզնեսը, այդ թվում եվրոպական: Սակայն ԵՄ կողմից քաղաքական կամքի բացակայության պայմաններում, երկխոսությունը բավականին թույլ է, չի ապահովում այն հավակնոտ խնդիրների լուծումը, որը կյանքն է առաջարկում»,-ասել է նա:

Վիլնյուսում նախատեսվում էր ԵՄ և Հայաստանի միջև Ասոցացման համաձայնագրի նախաստորագրում, սակայն սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում: Այնուհետև Եվրահանձնաժողովը հանդես եկավ հայտարարությամբ, համաձայն որի Ասոցացման մասին համաձայնագիրը և Խորը ու համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը (DCFTA) կարող են համատեղելի լինել ԱՊՀ անդամ երկրների հետ տնտեսական համագործակցության հետ: Մինչդեռ, ՀՀ ղեկավարները հայտարարում են, որ ՄՄ-ին միանալու մտադրության մասին որոշումը չի անդրադառնա Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի վրա և Ասոցացման մասին համաձայնագիրը կնախաստորագրվի Վիլնյուսում:

Հոկտեմբերի 2-ին ելույթ ունենալով ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Հայաստանը կմասնակցի Վիլնյուսի գագաթնաժողովին և պատրաստ է ստորագրելԵՄ հետԱսոցացման համաձայնագիրը: Իր հերթին ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի մամուլի քարտուղար Փիթեր Ստանոն հայտարարել էր, որ ՀՀ և ԵՄ միջև ստորագրման համար ոչ մի փաստաթուղթ չի պատրաստվում: «Մենք փորձում ենք Հայաստանի հետ հետագա գործակցության ուղիներ գտնել` հիմնվելով առկա նվաճումների վրա»,-ասել էր Ստանոն:

Photo: cargonavigator.ru