24 հոկտեմբերի 2013 - 18:12 AMT
Բաքուն կասեցրել է անդամակցությունն Եվրանեսթի ԽՎ-ում ընտրությունների ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ բացասական գնահատման պատճառով

Ադրբեջանի պատվիրակությունը Եվրանեսթի Խորհրդարանական վեհաժողովում կասեցրել է անդամակցությունը կազմակերպությանը: Այդ մասին ասվում է Եվրանեսթի Խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ, կառույցում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Էլհան Սուլեյմանովի այսօր տարածված հայտարարության մեջ, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Հայտարարության մեջ ասվում է, որ որոշումը կապված է նախօրեին Եվրախորհրդարանի ընդունած բանաձևի 32-րդ կետի հետ, որտեղ ասվում է, որ հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում կայացած նախագահական ընտրությունները «չեն համապատասխանել ԵԱՀԿ չափանիշներին ու պահանջներին»: Ադրբեջանական պատվիրակության ղեկավարը հիշեցրել է, որ Եվրախորհրդարանի դիտորդական առաքելությունը դրական է գնահատել ընտրությունները՝ ճանաչելով դրանք ազատ, արդար ու թափանցիկ:

«Չնայած ընտրությունների դիտարկմանը մասնակցած չորս միջազգային կազմակերպություններից երեքի դրական գնահատականներին, մասնավորապես, Եվրախորհրդարանի, ԵԽԽՎ-ի ու ԵԱՀԿ ԽՎ-ի, Եվրախորհրդարանը, հենվում է ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության կանխակալ բանաձևի վրա, որը լուրջ հարված է հասցնում Եվրախորհրդարանի դիտորդական առաքելության հեղինակությանը»,-ասվում է հայտարարության մեջ: Հայտարարության մեջ նշվում է, որ Եվրախորհրդարանի հորդորը՝ հենվել ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ գնահատականների վրա, «տանում է սադրանքների ու անկարգությունների Ադրբեջանում»:

«Քանի դեռ հետաքննություն չի անցկացվել և համապատասխան քայլեր չեն ձեռնարկվել, Ադրբեջանի պատվիրակությունը հարկադրված է դադարեցնել իր գործունեությունը Եվրախորհրդարանում ստեղծված Եվրանեսթի ԽՎ-ում»,-ասվում է հայտարարության մեջ:

Նախագահական ընտրություններն Ադրբեջանում կայացան հոկտեմբերի 9-ին, հաղթեց գործող նախագահ Իլհամ Ալիևը: Ընտրոթյուններին բացասական գնահատականներ են տվել ԱՄՆ Պետքարտուղարությունը, Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն, ԵԱՀԿ-ն և մի շարք այլ կազմակերպություններ:

Եվրանեսթ ԽՎ-ն ստեղծվել է 2009 թ. մայիսի 7-ին Արևելյան գործընկերության Պրահայի գագաթաժողովում որպես մարմին, որը պատասխանատու է խորհրդարանական խորհրդակցությունների, ԱԳ ծրագրի վերահսկողության ու դիտարկման համար: