ԵԱՀԿ առաքելությանն այս անգամ հաջողվել է դիտարկում անցկացնել ԼՂՀ և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում

ԵԱՀԿ առաքելությանն այս անգամ հաջողվել է դիտարկում անցկացնել ԼՂՀ և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 25-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտակերտի շրջանի Լևոնարխ գյուղի մոտակայքում:

ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը (Բուլղարիա) և Իրժի Աբերլեն (Չեխիա): Շփման գծի հակառակ կողմից դիտարկման խմբի մեջ մտնում էին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Եվգենի Շարովը (Ուկրաինա) և ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը: Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի Հադրութի ուղղությամբ հոկտեմբերի 17-ին նախատեսված ԵԱՀԿ առաքելության պլանային դիտարկումն ընդհատվել է ադրբեջանական կողմից ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ ավտոմատ զենքից արձակված կրակոցների պատճառով: Կրակոցներն արձանագրվել են երկու կողմերի դիտարկման խմբերի կողմից:

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը, ով գլխավորել է դիտարկման առաքելությունը հակառակ կողմից, անվտանգության նկատառումներից ելնելով, որոշում է ընդունել դադարեցնել դիտարկումը, հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Միջադեպի առնչությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը տարածեցին հերթական դեկլարատիվ հայտարարությունը: Հայտարարության մեջ ասվում է. «Նման բացառիկ միջադեպերը, որոնք ափսոսանքի են արժանի, խախտում են անձնական ներկայացուցչի և նրա թիմի աշխատանքը, ինչպես նաև 1994 թվականին ձեռք բերված հրադադարի մասին համաձայնագիրը: Համանախագահները հորդորել են պաշտոնյաներին հետաքննել միջադեպը»: Պարզել, թե որտեղից են հնչել կրակոցները, «հնարավոր չի եղել», ասվում է հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---