Մոնթեի 56-ամյակին նվիրված համերգին վավերագրական ֆիլմ կցուցադրվի

Մոնթեի 56-ամյակին նվիրված համերգին վավերագրական ֆիլմ կցուցադրվի

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 25-ին՝ ժամը 19.30-ին, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Մոնթե Մելքոնյանի 56-ամյակին նվիրված գալա-համերգ կլինի՝ «Ես կվեռադանամ» խորագրով: Համերգի մասնակիցներն են Գեղամ Գրիգորյանը, Հասմիկ Պապյանը, Գևորգ Հակոբյանը, Լուսինե Ազարյանը, Արտո Թունջբոյաջյանը, Գոռ Սուջյանը, Նորայր Քարտաշյանը, Արմեն Բաբախանյանը, Դավիթ Ամալյանը, Արսեն Ղազարյանը, Նունե Ավետիսյանը, Հովհաննես Սարկավագը, Կոմիտասի անվան լարային քառյակը, Որդան կարմիրը, Վան Փրոջեքթը, Հայաստանի պարի պետական անսամբլը, Կարին ավանդական երգի-պարի խումբն ու Օպերային թատրոնի երգչախումբը. Հյուրերի մի մասն Երևան կժամանեն հատուկ համերգին մասնակցելու նպատակով:

Այս գալա-համերգի նպատակն է արժանավայել նշել հերոսի ծնունդը, ու կապ չունի, որ այս տարին հոբելյանական չէ, կարծում է համերգի կազմակերպիչ, TM Production ընկերության տնօրեն Թովմաս Մարտիրոսյանը: Ինչպես նա ասաց PanARMENIAN.Net ին, կարևոր է նաև, որ համերգին կենդանի հնչողություն է լինելու:

«Բոլոր մասնակիցներն անչափ ուրախացան, երբ հրավիրեցինք մասնակցելու, ու առանց մտածելու դրական պատասխան տվեցին: Նույն Հասմիկ Պապյանին, երբ ասացինք (իմանալով իր ծանր աշխատանքային գրաֆիկը), երկու բառով պատասխանեց՝ «Մոնթե Մելքոնյանն ինձ համար սրբություն է, չեմ կարող բաց թողնել»,- ասաց Թովմաս Մարտիրոսյանը՝ հավելելով, որ համերգի մասնակիցներին ընտրելն այդքան էլ դժվար չէր, քանի որ ընտրությունը, հատկապես՝ կենդանի կատարողների մեջ, քիչ է:

Կցուցադրվի հերոսի մասին պատմող 10 րոպեանոց վավերագրական ֆիլմ, ռեժիսորի անունը դեռ հայտնի չէ: Իսկ Գոռ Սուջյանը կներկայացնի Մոնթեի հիշատակին նվիրված նոր՝ «Ես կվեռադանամ» երգը:

Ամեն երգիչ մեկ-երկու երգ կկատարի, համերգը կտևի մոտ 2 ժամ: Հասմիկ Պապյանը կկատարի «Օրոր»-ն ու «Կիլիկիա»-ն, Գևորգ Հակոբյանը՝ «Պատրանքի թևով»-ն ու «Հայրենյաց զինվոր» երգը, Նորայր Քարտաշյանը՝ «Ապրիլի 24»-ը, և այլն: Համերգին կհրավիրվեն զոհված ազատամարտիկների ծնողներ: Տոմսերը վաճառքի կհանվեն հոկտեմբերի 28-ից, արժեքը՝ 2 000-ից՝ 10 000 դրամ:

Ինչպես ասաց համերգի կազմակերպիչը, հնարավոր է Մոնթեին նվիրված համերգներն ամենամյա դառնան: Թովմաս Մարտիրոսյանի խոսքով՝ ծրագրում են հաջորդ տարի հրավիրել Հայաստանից դուրս բնակվող ու ստեղծագործող հայտնի երաժիշտների, իսկ արդեն երկու տարի անց, հնարավոր է, հնավիրեն թե դրսում, թե Հայաստանում բնակվողներին:

Համերգն ուղիղ եթերով չի հեռարձակվի, բայց հետագայում կթողարկվի DVD և Blu-Ray նվագարկիչներով: Համերգի նախաձեռնողն ու հովանավորը արտերկրում բնակվող Գագիկ Հարությունյանն է, ով ներկայացնում է «Բարբարոս» ընկերությունը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---