4 ապրիլի 2006 - 19:33 AMT
TRACECA միջկառավարական հանձնաժողովի 5-րդ խորհրդաժողովը տեղի կունենա մայիսի 2-ին Սոֆիայում
Ադրբեջանի եւ Հայաստանի թեկնածությունները չեն առաջադրվի TRACECA միջկառավարական հանձնաժողովի գլխավոր քարտուղարության նախագահի պաշտոնի համար: Պատճառն այն է, որ ընտրությունների ընթացքում փոխհամաձայնության հիման վրա կողմերից յուրաքանչյուրը քվեարկել է մյուսի թեկնածության դեմ: Այդ մասին հաղորդել է TRACECA-ում Ադրբեջանի ազգային քարտուղար Ակիֆ Մուստաֆաեւը: Նրա խոսքերով, ապրիլի սկզբին նախատեսված TRACECA միջկառավարական հանձնաժողովի 5-րդ խորհրդաժողովը հետաձգվել է եւ կկայանա մայիսի 2-ին Սոֆիայում: Ըստ Ա.Մուստաֆաեւի, մայիսի 1-ին տեղի կունենա TRACECA-ի ազգային քարտուղարների նիստը, որի ընթացքում վերջնականապես կհաստատվեն խորհրդաժողովի օրագիր մտած հարցերը: Խորհրդաժողովի ընթացքում կլսվեն զեկույցներ եւ կքննարկվի նախորդ խորհրադժողովներին կայացրած որոշումների կատարումը: Նիստի ժամանակ կհաստատվի մինչեւ 2015 թվականը TRACECA-ի զարգացման ծրագիրը, կքննարկվի կառույցը միջազգային կազմակերպության վերածելու հարցը, կքննարկվեն 2006 թ. նախագծերը, ինչպես նաեւ կընտրվի գլխավոր քարտուղար եւ նախագահ: Նշենք, որ ներկայումս TRACECA-ում նախագահում է Ադրբեջանը, 2007 թվականին այդ լիազորությունները կանցնեն Բուլղարիային, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը: