4 ապրիլի 2006 - 21:56 AMT
Թուրքիայի նախագահ. «Անկարան պատրաստ է անել հնարավոր ամեն բան ղարաբաղյան հարցի կարգավորման համար»
«Թուրքիայի եւ Ադրբեջանի համագործակցությունն ու համերաշխությունը օրինակ են հանդիսանում տարածաշրջանի բոլոր պետությունների համար»,- հայտարարել է Թուրքիայի նախագահ Ահմեդ Նեջեթ Սեզերը ապրիլի 4-ին Բաքու կատարած այցի ժամանակ: «Դաշնակցության ներդրումը երկու ժողովուրդների անվտանգության ապահովման համար ավելի կմեծանա Բաքու-Թբիլիսի-Ջեյհան(ԲԹՋ) նավթատարին զուգահեռ նոր նախագծերի իրագործման դեպքում: Տվյալ համատեքստում ես հրավիրել եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին մասնակցելու ԲԹՋ նավթատարի հանդիսավոր բացման արարողությանը»,- նշել է Թուրքիայի նախագահը:

Ա. Սեզերի խոսքերով, «անցկացրած հանդիպումների ընթացքում մենք նորից ընդգծել ենք Բաքւ-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի եւ Բաքու-Թբիլիսի-Ախալքալակ-Կարս երկաթուղու նախագծերի իրականացման պատրաստակամությունը, որոնք ավելի կմոտեցնեն մեր երկրները ռազմավարական տեսանկյունից»: «Իմ այս այցը Բաքու հանդիսանում է Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ եղբայրական կապերի նոր դրսեւորում եւ կօգնի երկկողմանի հարբերությունների առավել զարգացմանը»,- ընդգծել է Թուրքիայի նախագահը:

Ա. Սեզերի խոսքերով, Բաքվում անցկացրած հանդիպումների ժամանակ քննարկվել են երկկողմանի հարաբերություններիր զարգացումը տնտեսական եւ քաղաքական բնագավառներում, ինչպես նաեւ տարածաշրջանային հակամարտությունների, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը: «Թուրքիան տեսնում է Ղարաբաղյան հարցի կարգավորումը Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպմանումով խաղաղ բանակցությունների ճանապարհով»,- ասել է Ա. Սեզերը, ընդգծելով, որ Անկարան պատրաստ է անել հանարավոր ամեն ինչ հակամարտության կարգավորման համար: Ա. Սեզերը անդրադարձել է նաեւ Կիպրոսի հարցի կարգավորմանը: «Մենք գոհունոկություն ենք հայտնում է Ադրբեջանի դիրքորոշման առումով` կիպրոսցվի թուրքերին միջազգային իզոլացիայից դուրս բերելու հարցում»,- ամփոփել է նա, հաղորդում է «Թրենդը»: