29 հոկտեմբերի 2013 - 13:17 AMT
Հիփոթեքային ճգնաժամն ԱՄՆ բանկերից 107 մլրդ դոլար կպահանջի

Ամերիկյան բանկերի վճարումները հիփոթեքային ճգնաժամի մեղադրանքների հետ կապված կարգավորման շրջանակներում, կարող են հասնել 107 մլրդ դոլարի: Այդ մասին գրում է The Wall Street Journal-ը՝ SNL Financial և Bernstein Research հետազոտական ընկերությունների վրա հղումով:

Այդ գումարի մեջ է մտնում 66 մլրդ դոլարը, որը ԱՄՆ վեց խոշորագույն բանկերը համաձայնվել են վճարել 2010 թվականից: Ամենից շատ՝ 43,9 մլրդ դոլար է վճարել Bank of America-ն, Wells Fargo-ն համաձայնվել է վճարել 9,2 մլրդ դոլար, JP Morgan-ը՝ 7,8 մլրդ դոլար: Եվս 4,3 մլրդ դոլար կվճարի Citigroup-ը, 921 միլիոն՝ Goldman Sachs, 330 մլն՝ Morgan Stanley-ն: JP Morgan վերջերս համաձայնվեց 13 մլրդ դոլար վճարել հիփոթեքային ճգնաժամի հետ կապված հերթական մեղադրանքների դիմաց: Ըստ Bernstein Research բանկի տվյալների, բանկը ստիպված կլինի վճարել ևս 8-16 մլրդ դոլար, Bank of America-ն՝ 10 մլրդ, Citigroup բանկը՝ 2 մլրդ դոլար:

Օգոստոսին Bloomberg-ը հետազոտություն հրապարակեց խոշորագույն բանկերի ծախսերի մասին, կապված հիփոթեքային ճգնաժամին առնչվող հայցերի կարգավորման ու վնասները հատուցելու հետ: Ըստ գործակալության, 2008-2013 թվականներին այդ նպատակով բանկերը ծախսել են 103 մլրդ դոլար: Այդ գումարից 56 մլրդ գնացել է դատական ծախսերը հատուցելուն, իսկ մնացածը՝ ներդրողների հատուցմանը, հայտնում է Lenta.ru-ն:

ԱՄՆ բանկերին մեղադրում են ներդրողներին մոլորության մեջ գցելու համար՝ հիփոթեքային վարկերի ապահովմամբ պարտատոմսերի վաճառքում: Հիմնականում մեղադրանքները վերաբերում են այն հանգամանքին, որ ֆինանսական կազմակերպությունների մենեջերները գիտեին թղթերի ցածր որակի մասին, սակայն ներկայացնում էին դրանք որպես բարձր կարգի ակտիվներ: Հետագայում, երբ ԱՄՆ-ում զանգվածային չվճարումներ տեղի ունեցան հիփոթեքային վարկերի դիմաց, պարտատոմսերը արժեզրկվեցին և, ինչպես գտնում են իշխանությունները, դա դարձավ 2008 թվականի ֆինանսական ճգնաժամի պատճառներից մեկը:

2008 թ. համաշխարհային ֆինանսական ճգնաժամին նախորդեց ԱՄՆ հիփոթեքային ճգնաժամը, որի առաջին նախանշաններն ի հայտ եկան 2006 թ. տների վաճառքների նվազման տեսքով, իսկ 2007 թ. գարնանը վերաճեցին բարձր ռիսկայնության հիփոթեքային վարկերի ճգնաժամին: Բավականին շուտով վարկավորման հետ կապված խնդիրներ ունեցան նաև հուսալի վարկառուները: 2007 թ. գարնանը ճգնաժամը վերաճեց ֆինանսականի և զգացվեց ոչ միայն ԱՄՆ-ում: Խոշոր բանկեր սնանկացան: Հատկապես արժանի է հիշատակման Lehman Brothers-ի սնանկացումը 2008 թվականի սեպտեմբերի 15-ին: 2008 թվականի ճգնաժամն արդեն համաշխարհային բնույթ էր կրում՝ նվազեցին արտադրության ծավալները, նվազեց պահանջարկը, աճեց գործազրկությունը: