«Yerevan Show-2013» ոսկերչական հաջորդ ցուցահանդեսը կանցնի արդեն ազատ տնտեսական գոտում

«Yerevan Show-2013» ոսկերչական հաջորդ ցուցահանդեսը կանցնի արդեն ազատ տնտեսական գոտում

PanARMENIAN.Net - «Yerevan Show-2013» ոսկերչական հաջորդ, թվով չորրորդ, ցուցահանդեսը կանցնի արդեն ազատ տնտեսական գոտու տարածքում: Այդ մասին այսօր հոկտեմբերի 29-ին Երևանում «Ոսկերչական ճյուղի արդի վիճակը. խնդիրներ և հեռանկարներ» խորագրով համաժողովում հայտարարել է «Հայ ոսկերիչների համաշխարհային միության» (AJA) նախագահ Գագիկ Գևորգյանը: Այս նախագծի իրականացման շնորհիվ Հայաստանը կդառնա ոսկերչական ոլորտի առաջատար համաշխարհային կենտրոններից մեկը:

Ազատ տնտեսական գոտին կգործի Երևանի «Ավիահամալիր» ձեռնարկության տարածքում: Համալիրը զբաղեցնում է 53 հազար քմ և լուրջ վերակառուցման կարիք ունի: Ըստ Գևորգյանի, շենքն արդեն AJA սեփականությունն է, իսկ առաջիկա 3-4 ամիսներին կավարտվեն վերանորոգման աշխատանքները: Ավելին, նախօրեին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպմանը քննարկվել է այդ գոտու օպերատորի կարգավիճակը AJA-ին հանձնելու հարցը: Հայ ոսկերիչների համաշխարհային միության առջև հարց է դրվում ներգրավել գործընկերներին ամբողջ աշՙխարհից այդ գոտում աշխատելու համար:

Իր հերթին Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանը խոստացել է, որ պետկառույցը առավելագույն ջանքերը կգործադրի, որպեսզի օպերատորի կայացման բոլոր ընթացակարգերը սեղմ ժամկետում իրականացվեն: Նա հավելել է, որ Հայաստանի կառավարության համար գերակա է պայմանների ստեղծումը մի ողջ կլաստերի զարգացման համար՝ ոսկերչական իրերի արտադրություն, ադամանդագործություն, ժամագործություն, առավել ևս, որ ոլորտն արտահանման ծավալով երկրորդ տեղում է լեռնահանքային ադրյունաբերությունից հետո:

Հայաստանում ոսկերչական ոլորտի ԱՏԳ ստեղծմանն աջակցելու պատրաստակամություն է հայտնել նաև Համաշխարհային ոսկերչական կոնֆեդերացիայի (CIBJO) նախագահ Գաետանո Կավալիերին: «ԱՏԳ ստեղծումն իրականություն կդառնա մոտ ապագայում»,-ասել է նա: Հայաստանում ոսկերչական գործի զարգացման հեռանկարներն այնքան գրավիչ են, որ CIBJO-ն մտադիր է 2016 թ, իր ամենամյա համաժողովը Հայաստանում անցկացնել:

Նախատեսվում է, որ ԱՏԳ գործունեության առաջին կես տարում շուրջ 600 աշխատատեղ կստեղծվի: Հայաստանում, ըստ պաշտոնական տվյալների, գործում է 27 ոսկերչական ընկերություն, որտեղ աշխատում է մոտ 230 մարդ:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն նախօրեին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա են գտնվել«Երևան շոու-2013» ոսկերչական միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը: Միջոցառումը տեղի է ունեցել ՀՀ կառավարության որոշմամբ ամրագրված մասնագիտական տոնին՝ Ոսկերչի ազգային օրվան հաջորդող օրը: Արդեն ավանդական դարձած ցուցահանդեսին այս տարի ևս մասնակցում են ոսկերչական իրերի և ժամացույցների արտադրության աշխարհահռչակ ընկերություններ, ոսկերիչներ, ոսկերչական զարդերի մատակարարներ ինչպես Հայաստանից, այնպես էլ աշխարհի ավելի քան երկու տասնյակ երկրներից։ Ցուցահանդեսին մասնակցելու համար տարբեր երկրներից Հայաստան է ժամանել նաև շուրջ 140 գնորդ, ինչը, կազմակերպիչների հավաստմամբ, լավ հնարավորություն է ընձեռում տեղական ընկերություններին՝ սպառման նոր շուկաներ գտնելու համար:

Ցուցահանդեսը նպատակ ունի ավելի ճանաչելի դարձնել հայ ոսկերիչներին աշխարհում: Ոսկերչական գործի շուրջ 120 վարպետներ են ժամանել ԱՊՀ երկրներից, Իտալիայից, Ֆրանսիայից, Հնդկաստանից, Թուրքիայից, ԱՄՆ-ից, Կանադայից: Նրանք ներկայացրել են թանկարժեք և կիսաթանկարժեք մետաղներից, մարգարտից պատրաստված զարդեր, ժամացույցներ, ինչպես նաև բիժուտերիա: Ներկայացված են նաև ոսկերչական արտադրության սարքավորումներ ու գործիքներ: Ցուցանմուշները վկայում են այն մասին, որ հայ ոսկերիչները ձգտում են հետևել համաշխարհային նորաձևության միտումներին:

Այս տարի ցուցահանդեսի պատվավոր հյուրերն են ոսկերչության հայտնի համաշխարհային դեմքեր, մասնավորապես, Համաշխարհային ոսրկերչական կոնֆեդերացիայի (CIBJO) նախագահ Գաետանո Կավալիերին, ինչպես նաև Malca-Amit Global Limited հայտնի ընկերության ղեկավար Նայջել Փաքսմանը:

Հայ ոսկերիչների ասոցիացիան (AJA) հիմնադրվել է 1997թ.–ին։ AJA–ն Հայաստանի զարգացման և միջազգային առևտրային ասոցիացիաներից մեկն է։ AJA–ի նպատակն է համախմբել հայ ոսկերիչներին, որպեսզի զարգացնի երկրի ոսկերչական արդյունաբերությունը։ Ասոցիացիան տարածաշրջանային ներկայացուցիչներ ունի ԱՄՆ–ի արևմտյան և արևելյան ափերին, Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և Հայաստանում ։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---