5 ապրիլի 2006 - 14:27 AMT
Ռ.Սաֆարովի ադրբեջանցի փաստաբանը չի հասկացել հունգարացի դատախազին
Հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար մեղադրվող Ռամիլ Սաֆարովի գործով դատախազը ապրիլի 4-ին Բուդապեշտում կայացած նիստին պահանջել է «որպես պատիժ ազատազրկել նրան 30 տարով», հաղորդել է Ռ.Սաֆարովի փաստաբան Ադիլ Իսմայլովը: Մինչդեռ, ինչպես ավելի վաղ հաղորդել էր PanARMENIAN.Net-ը, իրականում հունգար դատախազը ցմահ բանտարկություն է պահանջել Ռամիլ Սաֆարովի համար, ընդ որում առաջին 30 տարին առանց համաներման իրավունքի: Դատախազը հայտարարել է, թե սպանությունը կատարվել է առանձնահատուկ դաժանությամբ եւ սպառնալիք է հանդիսանում Հունգարիայի ազգային անվտանգության համար: Նա նաեւ ընդգծեց, որ հանցագործության կատարման պահին Ռ.Սաֆարովը մեղսունակ է եղել: Ա.Իսմայլովը հայտարարել է նաեւ, թե Ռ.Սաֆարովի փաստաբանները հանդես են եկել եւս մեկ փորձաքննություն անցկացնելու միջնորդությամբ, քանի որ նախորդ փորձաքննությունների արդյունքները տարբերվում են իրարից: Սակայն դատավորը, որը նախագահում էր նիստում, մերժեց այդ միջնորդությունը, ասելով թե եզրակացություն կարվի կատարված փորձաքննությունների հիման վրա: Նիստի ընթացքում հանդես եկան երկու կողմերի փաստաբանները: Վերջին խոսքը Ռ.Սաֆարովին կտրվի ապրիլի 13-ի նիստի ժամանակ:
Նշենք, որ հայկական կողմի շահերը ներկայացնող հունգարացի փաստաբան Գաբրիելա Կասպարը նիստի ժամանակ հայտարարել է, որ Գ.Մարգարյանի հանցագործությունը պետք է որակել որպես ցեղասպանություն, քանի որ այն կատարվել է ազգային հողի վրա: