5 ապրիլի 2006 - 15:08 AMT
Եվրամիությունը մտադիր չէ փոխել Ղարաբաղի շուրջ բանակցությունների ձեւաչափը
«Հարավային Կովկասում Եվրամիության նախկին հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեն շատ լավ հիմք է ստեղծել տարածաշրջանում աշխատելու համար: Սակայն այժմ մենք մեր գործունեությունն ավլի ընդլայնված ձեւաչափով կվարենք»,-հայտարարել է այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ Հարավային Կովկասում ԵՄ նորանշանակ հատուկ ներկայացուցիչ, շվեդ դիվանագետ Պիտեր Սեմնեբին: Նրա խոսքերով, հատուկ ներկայացուցչի այժմյան մանդատը ավելի լայն հնարավորություններ է տալիս: Ներկայումս ԵՄ-ն հատուկ շեշտը դրել է Հարավային Կովկասի հակամարտությունների շուրջ բանակցություններին մասնակցելու վրա: Եվ երկրորդը` մենք աշխատում ենք Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում, որի որոշ դրույթներ քաղաքական բնույթի են»,-նշել է նա: Շվեդ դիվանագետը գտնում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը ԵՄ-ի մասնակցության համար կան շատ ուղիներ: Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ Եվրամիությունը մտադիր չէ փոխել Ղարաբաղի շուրջ բանակցությունների ձեւաչափը: «ԵԱՀԿ Մինսկի խումբը շատ լավ է աշխատում եւ Ֆրանսիայի կողմից համանախագահի մասնակցությունը պաշտպանում է ԵՄ շահերը»,-ասել է Սեմնեբին: Նրա խոսքերով, եվրակառույցները կարող են վճռորոշ դեր կատարել տարածաշրջանում խաղաղության հաստատման եւ հետագա ինտեգրման գործում: