Աուրելիա Գրիգորիուն կրկին հիշեցնում է իր մասին

Աուրելիա Գրիգորիուն կրկին հիշեցնում է իր մասին

PanARMENIAN.Net - Սկանդալային ճանաչում ստացած Մոլդովայի մարդու իրավունքների պաշտպան Աուրիելիա Գրիգորիուն հիշեցնում է իր մասին ադրբեջանական մամուլի միջոցով: Տպավորություն է առաջանում, որ նա մինչ օրս «հիացած է» Երևանում 4 ամիս առաջ ունեցած իր ելույթից: Կան մարդիկ, հատկապես քաղաքականության մեջ, որոնց թվում է թե իրենց բոլորը մոռացել են, եթե նրանց մասին մշտապես չեն խոսում: Ահա և ստիպված են լինում հիշեցնել իրենց մասին: Սակայն ամբողջ ցավն այն է, որ տիկին Գրիգորիուն ստիպված է հիշեցնել իր մասին ադրբեջանական ԶԼՄ-ների միջոցով և միայն խոսում է հայերի կողմից ինչ-որ առասպելական սպառնալիքների մասին: Իսկ Բաքվին էլ հենց դա է պետք՝ ավելորդ անգամ ժողովրդավարական ու հանդուրժող երևալ: Ահա երեկ, լինելով Բաքվում, տիկին Գրիգորիուն կրկին բողոքել է հայերից, այս անգամ ԵԱՀԿ ԽՎ-ում Ադրբեջանի ներկայացուցչին:

Մոլդովայի օմբուդսմենը օգնություն է խնդրել Ազայ Գուլիևից իր իրավունքների պաշտպանության համար և հորդորել է արծարծել այդ հարցը ԵԱՀԿ ԽՎ-ում: Բաքվի արձագանքը բնական էր. Գուլիևը շնորհակալություն է հայտնել Գրիգորիուին և ասել է, որ ուշադրության կենտրոնում կպահի այդ հարցը և կբարձրացնի այն ԵԱՀԿ ԽՎ-ում:

Սակայն սա դեռ ամենը չէ: Մոլդովայի օմբուդսմենը պարգևատրվել է միլի մեջլիսի պատվո մեդալով: Հանդիպման ժամանակ մեջլիսի խոսնակ Օքտայ Ասադովը ադրբեջանական ժողովրդի անունից շնորհակալություն է հայտնել Գրիգորիուին «երկրի արդար դիրքորոշմանը սատարելու» և ՀՀ խորհրդարանում հայաստանյան քաղաքականության խիստ քննադատությամբ հանդես գալու համար: Նա նաև նշել է, որ Մոլդովայի օմբուդսմենի հետապնդումը Հայաստանում մեկ անգամ ևս ցույց տվեց «հայերի քաղաքականության ահաբեկչական էությունը»:

Հայաստանում արդեն վաղուց են մոռացել Գրիգորիուի սկանդալային և անթույլատրելի ելույթի մասին, և հավանաբար, դատելով այս ամենից, դա նրա համար վատագայուն զարգացումն է, քանի որ բոլորին էլ պարզ է, թե ով է պատվիրել ու վճարել այդ ելույթի համար: Զարմացնում է Մոլդովայի իշխանությունների դիրքորոշումը, որոնք մինչ օրս հանդուրժում են սկանդալային օմբուդսմենին, որը Մոլդովայում ու Մերձդնեստրյան հանրապետությունում մարդու իրավունքների խախտումներով, միջամտում է օտարերկրյա պետության շահերին, եթե հաշվի առնենք, որ այդ պետությունն է նրան հրավիրել:

Միակ բանը, որ պետք է աներ ՀՀ ՍԴ-ն, պետք է նախապես պահանջեր «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» թեմայով խորհրդաժողովի մասնակիցների ելույթների տեքստը: Այ Բաքվում նման ելույթ լինել չէր կարող, այնտեղ ամեն ինչ նախապես համաձայնեցվում է և եթե պատվիրակներից մեկը հանդես գար ի պաշտպանություն Հայաստանի, նրա բարձրախոսն անմիջապես կանջատեին, մամուլում կհալածեին ու երկրից դուրս կանեին: Բաքվում Հայաստանի ու ԼՂՀ հարցում մեկ ճշմարտություն գոյություն ունի՝ «մենք կվերադաձնենք մեր հողերը»: Բոլոր նրանք, ով կիսում են այդ տեսակետը, բարեկամներ են, ով չի կիսում, իսկ դա համաշխարհային հանրության ճնշող մեծամասնություւնն է, թշնամիներ են:

Մենք դեռ էլի կհիշենք տիկին Գրիգորիուին, բայց ոչ թե ցասումով, այլ ուղղակի ըմբռնումով՝ կամ Բաքվում են քիչ վճարել, կամ Մոլդովայում են դիրքերը խարխլվել: Այդպես էլ նա կես տարին մեկ կհիշեցնի իր մասին, մինչև չհոգնի դրանից:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---