Ալլահշուքյուր Փաշազադեն Գարեգին Բ-ի խնդրանքով Բաքվում հանդիպել է Հակոբ Ինջիղուլյանին

Ալլահշուքյուր Փաշազադեն Գարեգին Բ-ի խնդրանքով Բաքվում հանդիպել է Հակոբ Ինջիղուլյանին

PanARMENIAN.Net - Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն նոյեմբերի 1-ին հանդիպել է հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին:

Ինչպես հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը, Ալլահշուքյուր Փաշազադեն հանդիպել է Հակոբ Ինջիղուլյանի հետ Գարեգին Երկրորդի խնդրանքով: Նա հետաքրքրվել է ռազմագերու կենսապայմաններով, նրան ասել են, որ «ռազմագերուն չեն նեղացնում, հոգ են տանում նրա մասին»:

Հոկտեմբերի կեսին որոշ հայկական ԶԼՄ-նրում հաղորդագրություններ հայտնվեցին, որ Հակոբ Ինջիղուլյանին մտադիր են երրորդ երկիր տեղափոխել, սակայն Միջազգային Կարմիր խաչի կոմիտեի երևանյան գրասենյակում դա չեն հաստատել:

Հակոբ Ինջիղուլյանին երրորդ երկիր տեղափոխելու մասին տեղեկությունը հրապարակել էր հայկական կայքերից մեկը՝ Հակոբ Ինջիղուլյանի զարմիկի՝ Արմանի վրա հղումով: Սակայն PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Արման Ինջիղուլյանը հերքեց այդ հաղորդագրությունը: Այն հարցին, թե գրել է արդյոք Հակոբն իր նամակում այն մասին, որ ուզում է երրորդ երկիր մեկնել, Արման Ինջիղուլյանը հայտարարել է. «Իր նամակում Հակոբը ոչ մի նման բան չի գրել, մեզ նման հնարավորության մասին ասել է Կարմիր Խաչը:

Սեպտեմբերի 18-ին ադրբեջանական լրատվականներում տեղեկություն տարածվեց, թե Ադրբեջանի Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների պետհանձնաժողովի քարտուղար Շահին Սաիլովը հայտարարել է՝ Ինջիղուլյանը «դիմում է գրել, որտեղ խնդրում է իրեն երրորդ երկիր տեղափոխել»: Ըստ Սաիլովի, դիմումը նախարարների կաբինետում էր:

Սեպտեմբերի 19-ին ՊՆ փոխնախարար Դավիթ Տոնոյանի ու Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթի հանդիպմանը փոխնախարարը նշել էր, որ եթե այդ տեղեկատվությունը ադրբեջանական իշխանությունների կողմից իրականցվող հերթական քարոզչական հնարքը չէ, ապա տրամաբանական շարունակությունը պետք է լինի Բաքվում ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի գրասենյակի` իր մանդատի շրջանակում ներգրավումը` ռազմագերուն փախստականի կարգավիճակ շնորհելու գործընթաց սկսելու մասով: Բայց այդ դիմումի մասին լուրերը ԿԽՄԿ գրասենյակը մինչ օրս չի հաստատել: Փոխնախարարը նշել է, որ փախստականի կարգավիճակը թույլ կտա Ինջիղուլյանին խուսափել ֆիզիկական բռնությունից, ստորացումներից և նույնիսկ ողբերգական հետևանքներից, որոնք տեղ են գտել նման այլ դեպքերում:

Օգոստոսի 8-ի գիշերը ծառայության ժամանակ ԼՂՀ ՊԲ շարքային, 1991թ. ծնված, Հակոբ Ինջիղուլյանը, ըստ նախնական տվյալների` չկողմնորոշվելով տեղանքում, հատել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գիծն ու հայտնվել է ադրբեջանական ԶՈւ կողմից վերահսկվող տարածքում: Մի քանի օրից ադրբեջանական ռեսուրսներում հայտնվել էր հայ զինծառայողի Ադրբեջանի ANS ալիքին «հարցազրույցի» տեսագրությունը, որտեղ նա իբր պատմում էր, թե ինչպես է «անցել ադրբեջանական կողմ»: Ավելի ուշ հայտնվել էր երկրորդ «հարցազրույցը», որտեղ հայ գերեվարված զինվորը հայտարարել էր, թե չի ցանկանում վերադառնալ Հայաստան ու երրորդ երկիր մեկնելու ցանկություն հայտնել:

Նշենք, որ մինչ օրս ադրբեջանական գերությունից վերադարձած ՀՀ ոչ մի քաղաքացի քրեական հետապնդման չի ենթարկվել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---