Ինչ-որ մեկը դեռ կասկածում է, կամ հույս ունի, որ ուղեվարձը չի՞ թանկանա

Ինչ-որ մեկը դեռ կասկածում է, կամ հույս ունի, որ ուղեվարձը չի՞ թանկանա

PanARMENIAN.Net - Նախ մի հիշեցում. հուլիսի 25-ին, երբ Տարոն Մարգայրանն ուղերձով դիմեց քաղաքացիներին, նա չասաց, որ ուղեվարձի թանկացման մասին որոշումը չեղյալ է հայտարարում. ասաց, որ այն ժամանակավորապես կասեցվում է, մինչև «մասնագետներից և շահագրգիռ անձանցից կազմված հանձնաժողով կստեղծվի, որը մի քանի ամիսների ընթացքում կմշակի բոլոր այն մեխանիզմները, որոնք թույլ կտան ամբողջական դարձնել որոշումը»:

Արդյո՞ք այս տողերը կարդալուց հետո կարող է կասկած առաջանալ, որ քաղաքապետը վաղ թե ուշ չի ստորագրի ուղեվարձը բարձրացնելու մասին որոշումը: Մենք, օրինակ, չենք կասկածում: Ինչպես նաև չենք կասկածում, որ, չնայած բարձրացմանը, ոչ մի որակ ել չի փոխվի, ինչում երեկոյան ՀՀԿ ԳՄ նիստից հետո ևս մեկ անգամ փորձում էր համոզել քաղաքապետը: Այս ամենից ելնելով ամենաքիչը տարօրինակ է Տարոն Մարգարյանի հետ ճեպազրույցը հրապարակել «Տարոն Մարգարյան. Տրանսպորտի ուղեվարձը կթանկանա» ու նման վերնագրերով:

Այլ հարց է Տարոն Մարգարյանի ցանկությունը, որի մասին նա հրապարակավ ասել է՝ «կուզեմ, որ տրանսպորտն անվճար լինի»: Մեղքներս ինչ թաքցնենք՝ մենք էլ կուզենք, շատ կուզենք, բայց, ինչպես և քաղաքապետը, «բոլորս էլ հասկանում ենք, որ անհնար է»:

Իմիջիայլոց, քաղաքապետը մի քանի անգամ կրկնել է, որ իր համար առաջնահերթն երևանցու անվտանգ և որակյալ երթևեկությունն է, որը «100 դրամ սակագնով ապահովել հնարավոր չէ»: Ինչ է՝ որ 150 դրամ դառնա, վարորդներն ավելի զգուշավո՞ր են քշելու, կամ երթուղայինների քանակն ավելանալո՞ւ է, կամ էլ ավտոբուսով փոխարինվելու դեպքում կես ժամը մեկ չե՞ն գալու: Այս ու մի շարք այլ հարցեր դեռ անպատասխան են մնում…

Վերադառնալով քաղաքապետի ճեպազրույցին. Տարոն Մարգարյանը խոստովանել է նաև, թե չի համարում, որ այսօր երևանցին անվտանգ է երթևեկում.

«Իրականում բոլորս ենք տեսնում, որ մեր տրանսպորտը վտանգավոր վիճակում է գտնվում»:

«Բոլորը» խոսքն այստեղ մի քիչ վիճելի է, քանի որ մենք էլ հո լավ ենք հիշում, թե ինչպես էր ժամանակին տրանսպորտի վարչության պետը փորձում PanARMENIAN.Net ի թեսթ-դրայվի ժամանակ գործնականում համոզել, որ երեկոյան երթուղայինները գերծանրաբեռնված չեն, նստելու տեղեր էլ կան:

Հաջորդը. քաղաքապետի խոսքերից կարելի է նաև ենթադրել, որ նա առաջարկում է ըտնրել՝ կամ 100 դրամ սակագինը (ինչին, վստահ կարող եմ ասել, կհամաձայնվեն բոլորը), կամ անվտանգ երթևեկությունն ու որակյալ սպասարկումը (ինչի ապահովմանը, կարծում եմ, մեծամասնությունը, այնուամենայնիվ, չի հավատա).

«Եթե ուզում ենք անվտանգ երթևեկություն և որակյալ սպասարկում ապահովել` այո, այս սակագնով հնարավոր չէ դա իրականացնել: Եթե չենք ուզում ուրեմն... այս սակագնով»,- ասել է քաղաքապետը:

90-ականները հիշելու քաղաքապետի առաջարկին կասենք, որ էլեկտրաէներգիայի այսօրվա զանգվածային անջատումից հետո այդ մութ ու ցուրտ տարիները շատերը հիշեցին, էլ ավելի շատերը դրանք չեն էլ մոռանում, իսկ «վաղվա օրվա մասին մտածելու» խոսքերին ուղղակի չենք արձագանքի, բայց պարզության համար կմեջբերենք Տարոն Մարգարյանին.

«Եթե տրանսպորտի խնդրին լուծում չտանք, ապա երկու տարի հետո Երևանում տրանսպորտ չի լինի: Թող շատերը հիշեն 90-ական թթ սկզբերը, երբ տրանսպորտի լուրջ խնդիր կար: Երբևիցէ չեմ ուզենա, որ մենք անցնենք այդ վիճակին ու քանի որ այսօր քաղաքային իշխանության պատասխանատուն մենք ենք, ապա պետք է մտածենք վաղվա օրվա մասին»:

Մանե Եփրեմյան / PanARMENIAN.Net
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---