Մուրսիի ձերբակալությունից հետո առաջին անգամ Ջոն Քերին այցելել է Կահիրե

Մուրսիի ձերբակալությունից հետո առաջին անգամ Ջոն Քերին այցելել է Կահիրե

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ավարտել է այցը Եգիպտոս, որն առաջինն էր նախկին նախագահ Մուրսիի պաշտոնանկությունից հետո: Այցի ընթացքում նա հորդորել է երկրի իշխանություններին չերկարացնել արտակարգ իրավիճակի ռեժիմը նոյեմբերի 14-ին ավարտվելուց հետո: Այցի մասին նախապես չի տեղեկացվել անվտանգության նկատառումներով: Պետքարտուղարը շրջագայության շրջանակում կայցելի մերձավորարևելյան և Հյուսիսային Աֆրիկայի որոշ երկրներ:

Այս պահին Քերին Սաուդյան Արաբիայում է, որտեղ փորձում է հանգուցալուծել տարաձայնությունները Վաշինգտոնի ու Էռ Ռիյադի միջև Սիրիային, Իրանին ու Եգիպտոսին առնչվող հարցերում: Կահիրեում հրավիրված ասուլիսում Քերին հայտարարել է, որ ԱՄՆ-ն կշարունակի համագործակցել Եգիպտոսի ժամանակավոր կառավարության հետ: Նա դատապարտել է բռնությունն այդ երկրում իր բոլոր դրսևորումներով և ասել է, որ ԱՄՆ-ն կշարունակի օգնել Եգիպտոսի ժողովրդին: ԱՄՆ պետքարտուղարը հորդորել է Եգիպտոսի իշխանություններին ազատ ու ազնիվ ընտրություններ անցկացնել: Ըստ նրա, պատմությունը վկայում է, որ ժողովրդավարական մոդելն ամենահաջողվածն է և ապահովում է մարդկանց բարեկեցությունը:

Հարաբերություններն Եգիպտոսի ու ԱՄՆ միջև զգալիորեն վատթարացան վերջին ամիսներին: Հոկտեմբերի սկզբին Վաշինգտոնը տեղեկացրեց Կահիրեին սպառազինության մեծ խմբաքանակների առաքումը կասեցնելու մասին: ԱՄՆ-ն պահանջում է, որ Եգիպտոսի իշխանությունները «կայուն առաջընթաց» ցույց տան ազատ ու արդար ընտրությունների ճանապարհին:

Սակայն ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ այդ որոշումը չի նշանակում, որ երկու երկրների հարաբերությունները վերանայվում են: «Եգիպտոսի ժամանակավոր կառավարությունը լավ է հասկանում, որ մենք շահագրգիռ ենք նրա հաջողությամբ»,-ասել է Քերին: Իր հերթին Եգիպտոսի ԱԳ նախարար Բադր Աբդելլաթին քննադատել է Վաշինգտոնի որոշումը՝ հայտարարելով, որ Եգիպտոսը շարունակում է շարժվել դեպի ժողովրդավարություն, հայտնում է ВВС-ին:

Վաշինգտոնը հայտարարեց Կահիրեին 260 մլն դոլար կազմող ռազմական օժանդակության կասեցման մասին: ԱՄՆ դժգոհությունն են առաջացրել եգիպտական իշխանությունների գործողությունները ցույցերը ցրելու ժամանակ, որոնք տեղի են ունեցել ամբողջ երկրի տարածքում նախկին նախագահ Մուրսիի պաշտոնանկությունից հետո:

Photo:AP
Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---