ՎիվաՍել-ՄՏՍ-ն և BirthLink-ը համատեղ մասնագետներին են ներկայացրել շնչառական թերապիայի նորագույն մեթոդը

ՎիվաՍել-ՄՏՍ-ն և BirthLink-ը համատեղ մասնագետներին են ներկայացրել շնչառական թերապիայի նորագույն մեթոդը

PanARMENIAN.Net - Այսօր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում կազմակերպվել էր հատուկ սեմինար` Հայաստանի 9 բուժհաստատությունների նեոնատոլոգների համար: Սեմինարի նպատակը բուժանձնակազմին հատուկ նեոնատալ խնամքի սարքավորումների և սարքերի օգտագործման հմտություններ և գիտելիքներ հաղորդելն էր: Ի դեպ, նորագույն այս մեթոդը դեռևս չի կիրառվում եվրոպական մի շարք և հետխորհրդային տարածաշրջանի երկրներում: Շնչառական այս սարքավորումներն անհրաժեշտ են թե նախքան ծնունդը, և թե ծնվելուց հետո բարդությունների դեպքում մանուկների կյանքը փրկելու համար, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը:

Սեմինարին մասնակցել են Վեդիի, Սիսիանի, Գյումրիի, Կապանի ծննդատների, ինչպես նաև «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի, Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի, «Էրեբունի» բժշկական կենտրոնի, «Շենգավիթ» բժշկական կենտրոնի, Նոր Նորքի Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի ծննդատների և համապատասխան բաժանմունքների մասնագետները:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և բրիտանական BirthLink ՀԿ-ի համագործակցության արդյունքում նշված մարզերում և մայրաքաղաքում գործող ծննդատներն ու բաժանմունքները համալրվել են հետևյալ սարքերով և սարքավորումներով. անմիջապես ծննդից հետո ջերմության ապահովման և վերակենդանացման՝ արտացոլող ջերմապահովման սարք, պղպջակային CPAP, քթային ճանապարհով բարձր հոսքով շնչառական համակարգեր, հեղուկների երակային ներարկման պոմպ, պուլսօքսիմետր, թթվածնային թերապիայի սարք: Ծննդատներին և ծննդօգնության բաժանմունքներին տրամադրվել են նշված սարքավորումների և սարքերի տարբեր կոմպլեկտներ՝ կախված տվյալ բուժհաստատության կարիքներից: Այս ծրագրի ներդրման բազմաթիվ դրական արդյունքները դեռ կգնահատվեն մոտակա տարիների ընթացքում: Այսպես օրինակ, շնչառական թերապիայի ոչ ինվազիվ մեթոդների ներմուծումը CPAP-ի տեսքով ամբողջությամբ փոխել է անհասների թոքային հիվանդությունների բուժման մոտեցումները: Նոր մեթոդները և ժամանակակից սարքավորումները թույլ են տալիս խուսափել այնպիսի վտանգավոր և թանկարժեք մեթոդներից, ինչպիսիք են ինտուբացիան և թոքերի արհեստական օդափոխումը, որոնք շատ լավ հայտնի է, որ կարող են ոչ միայն թոքերի վնասման պատճառ դառնալ, այլ նաև բացասական ազդեցություն ունենալ նորածինների հետագա հոգեշարժողական զարգացման վրա:

«Արդեն վեց տարի մենք իրականացնում ենք այս նախագիծը, և դրա փորձարարական իրականացումը ցույց տվեց, որ նորածնային հասակում մահացության դեպքերի ցուցանիշը նվազել է: Birthlink-ի հետ համագործակցության արդյունքում մենք կարողացել ենք սարքավորումներ տրամադրել տարբեր մարզերի և Երևանի ծննդատներին, ինչպես նաև դասընթացներ կազմակերպել բուժաշխատողների համար: Արդեն իսկ ակնհայտ է, որ նախաձեռնությունը չափազանց կարևոր է՝ տարբեր բարդություններից և հիվանդություններից մանուկների կյանքը փրկելու առումով: Մենք չենք կարող մնալ դիտորդի դերում, երբ նորածինների կյանքը շարունակում է վտանգված մնալ»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Նորածնային մահացությանը վերաբերող համաշխարհային վիճակագրությունը խոսուն փաստ է առ այն, որ նեոնատալ խնամքի ծրագիր իրականացնելն անհրաժեշտություն է: Այսպես՝ կյանքի առաջին տարվա ընթացքում մահանում է ավելի քան 4 միլիոն երեխա: Մահացության դեպքերի երեք քառորդը գրանցվում է կյանքի առաջին շաբաթվա ընթացքում, իսկ ավելի քան մեկ միլիոնը՝ առաջին օրվա ընթացքում:

Տրամադրված սարքավորումները նախատեսված են ծնվելուց հետո առողջական խնդիրներ ունեցող և ցածր քաշով նորածինների կենսաապահովման համար, ինչը հնարավորություն է տալիս կայունացնելու նրանց վիճակը` նախքան Երևանի կամ մարզկենտրոնի բուժհաստատություններ նրանց տեղափոխելը: Նաև հնարավոր կլինի հասնել նրան, որ շատ դեպքերում երեխային տեղափոխելու կարիք չառաջանա: Ծրագրի շնորհիվ բուժհաստատություններն արդեն բավարար թվով անհրաժեշտ սարքավորումներ և գիտելիքներ ունեն` մահվան գրանցվող ցուցանիշը զգալիորեն կրճատելու համար:

Ընդհանուր առմամբ՝ այս տարի բուժհաստատություններին տրամադրվել են մոտ 50 միլիոն դրամ արժողությամբ նեոնատալ ինտենսիվ խնամքի սարքեր և սարքավորումներ:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---