Ucom հավատարիմ հաճախորդները կարող են ստանալ Ամերիաբանկի վարկային քարտը տարեկան 6 տոկոս տոկոսադրույքով

Ucom հավատարիմ հաճախորդները կարող են ստանալ Ամերիաբանկի վարկային քարտը տարեկան 6 տոկոս տոկոսադրույքով

PanARMENIAN.Net - «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ու «Յուքոմ» ՍՊԸ-ն նոյեմբերի 5-ին հայտարարեցին ընկերության հաճախորդների համար աննախադեպ նախաձեռնության մասին:

Ինչպես Երևանում կայացած մամուլի ասուլիսում ասաց Ucom ընկերության առևտրային տնօրեն Արամ Բարսեղյանը, Ամերիաբանկի հետ համատեղ վարկային քարտը տեխնիկա ձեռք բերելու հնարավորություններ է տալիս հաճախորդներին: Վարկային գիծը տրամադրվում է մինչև 400 հազար ՀՀ դրամի չափով, որի մարման ժամկետը սահմանվում է մինչև 12 ամիս: Ըստ նրա, քարտապանները կարող են արդիական տեխնիկա ձեռք բերել մի շարք խանութներից տարեկան 6 տոկոս տոկոսադրույքով, մնացած մասը կհատուցի Ucom ընկերությունը:

Ցուցակում են տեխնիկայի հետևյալ խանութները՝ Zigzag, Aray, Technolife, Fine, Vega, հետագայում ցուցակը կընդլայնվի: Նախատեսվում է այն համալրել նաև զվարճանքի կենտրոններով:

Իր հերթին «Ամերիաբանկ» ՓԲԸ մանրածախ առևտրի դեպարտամենտի տնօրեն Արման Բարսեղյանը հավելեց, որ վարկերը տրամադրվելու են հավատարիմ հաճախորդներին առանց հավելյալ փաստաթղթերի: Վարկունակության գնահատման ամբողջ ռիսկը բանկը վերցնում է իր վրա: «Առավելագույն հարմարավետություն ենք ապահովել հաճախոդրների համար և հավելյալ փաստաթղթեր չեն պահանջվում»,-ասաց նա:

Ըստ Ucom-ի, հավատարիմ հաճախորդներ են համարվում այն բաժանորդները, որոնք առնվազն 6 ամիս օգտվում են Triple Play Classic, Triple Play Rock և Triple Play Jazz փաթեթներից: Եթե հաճախորդը չի բավարարում այդ պահանջին, բանկը կարող է հավելյալ փաստաթղթեր ուզել:

Ով ցանկանում է քարտ ձեռք բերել, կարող է դիմել Ucom-ի ցանկացած գրասենյակ և դիմում գրել, որից հետո արդեն բանկի գրասենյակից ստանալ պատրաստի վարկային քարտը: Կարելի է դիմել նաև բանկի ցանկացած բաժանմունք և քարտը ստանալ տեղում:

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ի նախաձեռնության շրջանակում նախատեսվում է առաջին փուլում թողարկել ArCa վճարային համակարգի 2000 քարտ, հետագայում կթողարկվեն նաև միջազգային վճարային համակարգերի քարտեր: Սահմանափակումներ քարտերի քանակի առումով բանկը չի նախատեսում և պատրաստ է տրամադրել ցանկացած հաճախորդի, որը կհամապատասխանի լոյալության չափանիշներին:

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն, տնօրինության նախագահ Արտակ Հանեսյանը նշեց, որ նախաձեռնության նպատակն է հավելյալ ծառայություններ առաջարկել հավատարիմ հաճախորդներին:

Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանը հայտնեց, որ այս պահի դրությամբ ընկերության հաճախորդների բազան հասնում է մոտ 60 000, որից 20 տոկոսը՝ մոտ 12 000-ը, հավատարիմ հաճախորդ է:

«Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Համագործակցելով Ericsson համաշխարհային ընկերության հետ` «Յուքոմ» ընկերությունն առաջարկում է ժամանակակից հեռահաղորդակցության ոլորտի ծառայություններ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---