6 ապրիլի 2006 - 19:45 AMT
Վ. Օսկանյան. Մոսկովյան բանակցությունների ընթացքում հատուկ ուշադրություն է հատկացվելու ղարաբաղյան հարցին
Հայկական եւ ռուսական արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարների հանդիպումները կանոնավոր եւ հետեւողական բնույթ են կրում: Այդ մասին «Ռոսիյսկայա գազետա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Մոսկվայում այցով գտնվող Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, Մոսկվա կատարած այցը անցնում է «Ռուսաստանում Հայաստանի տարվա» շրջանակներում: «Ծրագրված է հանդիպում անցկացնել իմ ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի եւ Անվտանգության խորհրդի քարտուղար Իգոր Իվանովի հետ: Հանդիպման ընթացքում մենք կքննարկենք կողմերի ավելի վաղ ընդունած համաձայնագրերի կատարմանը վերաբերող հարցեր, այդ թվում մի շարք տարածաշրջանային եւ միջազգային կազմակերպություններում համագործակցության հարցեր, ինչպես նաեւ Հարավային Կովկասում անվտանգության եւ կայունության ապահովման խնդիրներ»,- ասել է Օսկանյանը:

Նա նշեց, որ հատուկ ուշադրություն է դարձվելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խորհրդակցություններին: «Այդ հարցը կքքնարկվի նաեւ ՄԽ ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովի հետ հանդիպման ժամանակ: Էներգետիկ անվտանգության հարցերը կքքնարկվեն ոչ միայն երկկողմանի այլեւ տարածաշրջանային համատեքստում: Կդիտարկվի նաեւ ռուս-վրացական երկաթգծի աբխազական հատվածի շահագործման վերսկսման հարցը, ինչը տարածաշրջանի բոլոր երկրներին հնարավորություն կընձեռի հավասարապես օգտվել տարածաշրջանի տրանզիտային ներուժից»,- նշել է Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը: