Ադրբեջանն ուզում է ԼՂՀ հետ հնարավոր պատերազմի մեջ ներքաշել «Մահմեդական եղբայրներին»

Ադրբեջանն ուզում է ԼՂՀ հետ հնարավոր պատերազմի մեջ ներքաշել «Մահմեդական եղբայրներին»

PanARMENIAN.Net - Աշխարհում ով ասես միջամտում է ղարաբաղյան կարգավորմանը: Բայց այն, որ հիմա էլ «Մահմեդական եղբայրներն» են միանում այդ գործին, զարմացրերց, եթե կուզեք՝ բացահայտում դարձավ: Քուվեյթում «Եղբայրների» ներկայացուցիչ Տարիկ ալ Սուվայդանը, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, հայտարարել է. «Հայաստանը պետք է հրաժարվի իր զավթողական քաղաքականությունից: Միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի այդ երկրի հանդեպ: Բնականաբար, ամենաընդունելին խաղաղ բանակցություններն են, բայց եթե դրանք արդյունք չի տալիս, ապա Ադրբեջանն իրավունք ունի ազատագրելու իր գրավյալ տարածքները ցանկացած մատչելի միջոցներով»:

Ճիշտ է, Ալ Սուվայդանը նշել է, որ արտահայտում է «Մահմեդական եղբայրների» տեսակետը, այլ ոչ թե Քուվեյթ պետության: Հետո նա խոսում է, որ իր կազմակերպությունը դեմ է ահաբեկչությանն ու սատարում է Պաղեստինի ժողովրդին:

Հանդիպելով նման կարծիքների և կարդալով ադրբեջանցի լրագրողների «հիմարությունները», որոնք անդադար կրկնում են իրենց հորինվածքներն արդեն ոչ թե տարին մեկ անգամ, ինչպես նախկինում, այլ առնվազն շաբաթական մեկ անգամ, գալիս ես եզրակացության, որ Ադրբեջանի քարոզչական համակարգում ամեն ինչ չէ, որ կարգին է: Եգիպտոսում արգելված «Մահմեդական եղբայրների» ներկայացուցիչն ակնհայտորեն բավականին մշուշոտ է պատկերացնում ամբողջ Հարավային Կովկասի աշխարհագրական դիրքը: Բայց դե խնդրել են ասել, ասել է: Կխնդրեն կռվել հայկական բանակի դեմ՝ կպատերազմեն, առավել ևս, որ իսլամիստ ահաբեկիչների համար սուրբ գործ է «անհավատներին» սպանելը: Մեկ անգամ ղարաբաղյան պատերազմում արդեն այդպես եղել է՝ Ադրբեջանի կողմից իր ջոկատով կռվում էր Շամիլ Բասաևը: Թե ինչով ամեն ինչ վերջացավ, բոլորս գիտեն: Եվ երբ ադրբեջանական մամուլը գրում է, թե հայերը փախչում էին «քաջարի» ադրբեջանական բանակից, ակամայից ուզում ես հարցնել. «Այդ ո՞նց էին փախչում, որ ճանապարհին հասցրին անվտանգության գոտի ստեղծել Լեռնային Ղարաբաղի շուրջ: Տարօրինակ է՝ նահանջող զորքը լքում է դիրքերը, ոչ թե նորերն է գրավում: Փոխարենը Բաքվում շատ են սիրում տեղին ու անտեղի խոսել «հայ ժողովրդի հորինված պատմության մասին»:

Պատկերն անմբողջական ներկայացնելու համար բերենք Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հերթական արտահայտությունը. ի դեպ, հայտնի է, որ նա աչքի չի ընկնում օրիգինալ և թարմ մտածելակերպով: «Ադրբեջանը կարևորում է միջազգային հանրության աջակցությունը ՄԱԿ ԱԽ ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ բանաձևերի կատարման գործում»,-ասել է նա Ինդոնեզիայում Ժողովրդավարական համաժողովում: Հետաքրքիր է, որ Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումներում Մամեդյարովը նույնպես խոսում է ՄԱԿ ԱԽ բանաձևերի մասին, կամ առաջարկում խնդրի այլ լուծումներ, որը 25 տարի անց շարունակում է մնալ զուտ ադրբեջանական խնդիր: ԼՂՀ ժողովուրդն իր ընտրությունը վաղուց արել է և ցանկացած ոտնձգություն նրա ինքնիշխանության դեմ որպես ագրեսիա կդիտարկվի:

Ինչ վերաբերում է ՄԱԿ ԱԽ բանաձևերին, ապա դրանք, իրոք, պարտադիր են կատարման համար, եթե պետություններին, որոնց վերաբերյալ դրանք ընդունված են, ոչինչ չի սպառնում և եթե նրանք հարկ են համարում դրանք կատարել: Լեռնային Ղարաբաղի դեպքում ՄԱԿ բանաձևերի կատարումը ուղիղ դեպի սեփական ժողովրդի ոչնչացում է տանում: Ընդ որում, բանաձևերում նշված է Հայաստանը, բայց վերաբերում են դրանք Լեռնային Ղարաբաղին: Հայաստանը չի կարող ստիպել Արցախին կատարել ինչպես ՄԱԿ, այնպես էլ այլ միջազգային կազմակերպությունների որոշումներն ու Բաքվում դա հիանալի գիտեն, բայց շարունակում են նույնը կրկնել: Թող խոսեն…

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN.Net
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---