6 ապրիլի 2006 - 20:41 AMT
Վարդան Օսկանյանը հադիպել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահի հետ
Մոսկովյան այցի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հանդիպել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Իգոր Իվանովի եւ ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովի հետ: Ի.Իվանովի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակը եւ դրանց զարգացման հեռանկարները, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության եւ կայունության հարցեր: Վ.Օսկանյանը հանդիպել է նաեւ հայազգի ռուսաստանցի գործարարների հետ: Շնորհակալություն հայտնելով Հայաստանում իրագործվող ծրագրերի համար, նախարարը ներկայացրել է հայկական գյուղերի զարգացման ծրագիրը եւ ընդգծել, որ այն կդառնա 2006 թ. սեպտեմբերի 18-19 Երեւանում կայանալիք Հայաստան-Սփյուռք երրրորդ համաժողովի հիմնական հարցերից մեկը: Մոսկվայի Կարնեգիի կենտրոնում ՀՀ ԱԳՆ ղեկավարը հանդես եկավ «Համագործակցությունը եւ անվտանգությունը Հարավային Կովկասում» զեկույցով Ռուսաստանի պետական եւ քաղաքական շրջանակների, գիտահետազոտական ինստիտուտների եւ բուհերի, ինչպես նաեւ դիվանագիտական ներկայացուցչությունների ներկայացուցիչների առջեւ: Նախատեսվում է նաեւ Վ.Օսկանյանի հանդիպումը ՄԳԻՄՕ-ի ուսանողների հետ: Ապրիլի 7-ին Վ.Օսկանյանը կհանդիպի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: