8 նոյեմբերի 2013 - 13:27 AMT
Մսամթերքը Հայաստանում թանկացել է

Ըստ պաշտոնական վիճակագրության, 2013թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ, գրանցվել է 0.3 % գնաճ: Վերջինս պայմանավորվել է կաթնամթերթի ու մսամթերքի, ինչպես նաև հրուշակեղենի, ձկնեղենի, բանջարեղենի ու կարտոֆիլի 0,5-4 % գնաճով:

Ըստ գյուղատնտեսության նախարարության պաշտոնական տվյալների, երկրում 2013 թվականին արձանագրվել է խոշոր և մանր եղջերավոր անասունների գլխաքանակի զգալի աճ, թռչնաբուծության ոլորտում նույնպես աճ է արձանագրվել: 2013 թ. առաջին կիսամյակում անասունների գլխաքանակն աճել է մոտ 62 հազարով, ընդ որում, Հայաստանում կովերի գլխաքանակը հասել է 303 հազարի, ինչը 20 հազարով ավելի է, քան նախորդ տարի: Աճ է արձանագրվել նաև խոզերի գլխաքանակի ցուցանիշներում՝ 134 հազար:

Ոչխարի գլխաքանակն աճել է 114, 3 տոկոսով: 2012 թվականին Հայաստանում գրանցված էր շուրջ 675 հազար ոչխար և այծ: Նշենք, որ ոչխարի գլխաքանակի զգալի մասն արտահանվում է Իրան:

Թռչնաբուծության զարգացման տեմպերը նույպես աճի միտումներ ունեն: Այս պահի դրությամբ իրացվել է արդեն 24,5 մլն հատ ձու, ինչը նախորդ տարվա ցուցանիշից 7536 հազարով ավելի է:

Մորթի ենթակա կենդանիների և թռչունների կենդանի քաշը կազմել է 130,0 հազար տոննա, աճը նախորդ տարվա համեմատ կազմել է 2,4 հազար տոննա:

Այս ցուցանիշները պետք է նպաստեին մսամթերքի ապրանքախմբի ապրանքների արտադրության ծավալների աճին ու գների նվազմանը: Սակայն պատկերն այսպիսին է. հաշվետու շրջանում արձանագրվել է մսամթերքի 4,4 տոկոս գնաճ 2012 թ. հոկտեմբերի համեմատ, իսկ 2013 թ. սեպտեմբերի համեմատ՝ 0,5 տոկոս: Գնաճը, հիմնականում, պայմանավորված է կիսաապխտած երշիկի թանկացմամբ ՝ 0, 7 տոկոս, պահածոյացված մսի՝ 0,7 տոկոս, թռչնամսի՝ 1 տոկոս, ապխտած երշիկի՝ 1,2 տոկոս, նրբերշիկի՝ 2 տոկոս, բաստուրմայի՝ 2,4 տոկոս, հավի բդի՝ 2,7 տոկոս:

Ոչխարի մսի գինը նվազել է 3,1 %-ով, իսկ տավարի մսի գինը՝ 0,2 տոկոսով, խոզի միսը՝ 0,6 տոկոսով:

Երևանի մանրածախ առևտրի կետերում այսօրվա դրությամբ 1 կգ տավարի մսի արժեքը կազմում է միջինը 2400-2600 դրամ, խոզի մսինը՝ 3500 դրամ, ոչխարի մսինը՝ 3000 դրամ: