Վ. Կովալենկո. Ղարաբաղի մասնակցությունը Մաքսային միությանը հնարավոր կլինի ՀՀ կողմից ԼՂՀ անկախության ճանաչումից հետո

Վ. Կովալենկո. Ղարաբաղի մասնակցությունը Մաքսային միությանը հնարավոր կլինի ՀՀ կողմից ԼՂՀ անկախության ճանաչումից հետո

PanARMENIAN.Net - Մաքսային միությանը Լեռնային Ղարաբաղի մասնակցության մասին խոսակցություններ հնարավոր կլինի սկսել միայն Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումից հետո, գտնում է ՌԴ Կասպից համագործակցության ինստիտուտի տարածաշրջանային ծրագրերի տնօրեն, Հայաստանում ՌԴ նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն:

«Հայաստանի առջև հարց է կանգնած՝ ճանաչել թե չճանաչել ԼՂՀ անկախությունը: Եթե Հայաստանը ճանաչի ԼՂՀ անկախությունն, այն ժամանակ հնարավոր կլինի խոսել նաև ՄՄ-ին Լեռնային Ղարաբաղի մասնակցության մասին»,-հայտարարել է Կովալենկոն Մոսկվա-Երևան հեռուստակամրջի ժամանակ, որի թեման էր «Հայաստանն ու Մաքսային միությունը. Եվրասիական ինտեգրման հանրային ընկալումը»:

Նախկին դեսպանը նշել է, որ Հայաստանը գտնում է, որ այս պայմաններում ԼՂՀ անկախության ճանաչումը կարող է սադրիչ լինել ու հրահրել Ադրբեջանին ռազմական գործողություններ սկսել ԼՂՀ դեմ:

«Չեմ կարծում, թե Ռուսաստանն արմատական ինչ-որ դիրքորոշում կորդեգրի: Ռուսաստանն այն նույն դիրքորոշումը կունենա, ինչ վերջին շրջանում, որը թույլ է տալիս խաղաղությունը պահպանել տարածաշրջանում»,-հավելել է նա, գրում է «Նովոստի-Արմենիան»:

Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթնաժողովում:

Հոկտեմբերի 24-ին Մաքսային միությանը և Միասնական տնտեսական գոտուն Հայաստանի միանալու որոշման նախագիծը հաստատվել է Մինսկում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, որին մասնակցել է նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստին ներկա են եղել նաև Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուկրաինայի նախագահները: Նոյեմբերի 6-ին Երևանում «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) և Հայաստանի միջև փոխգործակցության խորացման մասին հուշագիր» է ստորագրվել: Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության գործընթացի կազմակերպման հիմնարար փաստաթուղթը ստորագրել են ԵՏՀ կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Ընթացիկ տարվա հոկտեմբերին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԱՊՀ երկրների ԶԼՄ-ների լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հարցում հարկավոր կլինի հաշվի նստել նաև Ադրբեջանի կարծիքի հետ, հաշվի առնելով չկարգավորված տարածքային հարցը:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն իր հերթին հայտարարեց, որ Հայաստանի անդամակցությունը ՄՄ-ին կնպաստի ղարաբաղյան կարգավորմանը:

Հղումներ թեմայով.
Մաքսային միություն

Մաքսային միությունն իր աշխատանքը սկսել է 2010 թվականին: Սկզբում միությանն անդամկցում էին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Հետագայում միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարեցին նաև Ղրղզստանն ու Տաջիկստանը:

2013-ի սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու ՀՀ ցանկության մասին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել նախաձեռնությանը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել այդ գործընթացին: Պուտինը հավելել է, որ ՌԵՈւ-ն կարող է մոտ 15 մլրդ ռուբլի ներդնել Հայաստանի երկաթուղային ցանցի զարգացման մեջ:

Պաշտոնական ձևակերպման համաձայն, Մաքսային միությունը Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի առևտրատնտեսական ինտեգրման ձև է․ այն միասնական մաքսային տարածք է նախատեսում, որի սահմաններում փոխադարձ առևտրի դեպքում մաքսային տուրքեր ու տնտեսական բնույթի սահմանափակումներ չեն կիրառվում, բացառությամբ միայն հատուկ պաշտպանիչ, հակադեմպինգային ու հատուցման միջոցների: Ընդ որում մասնակից երկրներն օգտվում են միասնական մաքսային սակագնից և առևտրի կանոնակարգման միասնական միջոցներից երրորդ երկրների հետ: Մաքսային միության միասնական մաքսային տարածքը կազմում են Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի տարածքները, ինչպես նաև այդ պետությունների տարածքներից դուրս գտնվող արհեստական կղզիներ, շինություններ, սարքեր ու այլ օբյեկտներ, որոնց հանդեպ ՄՄ անդամ պետությունները բացառիկ իրավատիրություն ունեն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---