Նոյեմբերի 9-ից հայկական ԶԼՄ-ները կաշխատեն նոր կանոններով

Նոյեմբերի 9-ից հայկական ԶԼՄ-ները կաշխատեն նոր կանոններով

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 9-ից ուժի մեջ կմտնեն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքում ԶԼՄ-ներին անմիջականորեն վերաբերող լրացումները: Նպատակն է լրատվական դաշտում հեղինակային իրավունքների կոպիտ խախտումների, գրագողության, առանց պատշաճ հղումների այլ լրատվամիջոցների նյութերի արտատպման հատկապես վերջին շրջանում հաճախակի դարձած դեպքերի կանխարգելումը, ինչի մասին հայտարարությամբ հանդես էին եկել նաև մի շարք լրատվամիջոցների ղեկավարներ, գրում է «Փաստինֆո»-ն:

Օրենքում ամրագրվում է լրատվական նյութի օգտագործման պայմանները սահմանող նոր հոդված, որի խախտման դեպքում վնասի հատուցումը կազմում է սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկը, այն է՝ 100 հազարից` 200 հազար դրամ:

Այն սահմանում է նաև, որ տպագիր լրատվական միջոցների, էլեկտրոնային կայքերի լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումն այլ տպագիր լրատվական միջոցում, ինտերնետային կայքում թույլատրվում է իրականացնել միայն մեջբերման նպատակն արդարացնող ծավալով՝ առանց հեղինակի (հեղինակային իրավունքի իրավատիրոջ) համաձայնության և վարձատրության վճարման: Անկախ վերարտադրման ծավալից՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը:

Վերարտադրումը պետք է բացառի լրատվական նյութի սկզբնաղբյուրի հնարավոր ընթերցողների քանակի և լրատվական նյութի օգտագործման ծավալների վրա բացասական ազդեցությունը:

Լրատվական նյութի ամբողջական վերարտադրումը կարող է իրականացվել միայն հեղինակի կամ հեղինակային իրավունքի իրավատիրոջ համաձայնության դեպքում: Լրատվական նյութի ամբողջական վերարտադրման կարգն ու պայմանները սահմանվում են կողմերի միջև կնքված պայմանագրով:

Լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս պարտադիր է լրատվական նյութի սկզբնաղբյուրին հղումը, իսկ եթե քաղվածքի նպատակը միայն սկզբնաղբյուր լրատվական նյութի վերարտադրությունն է, ապա պարտադիր է քաղվածքի վերնագրում նշել տպագիր լրատվական միջոցի անվանումը, էլեկտրոնային կայքի ակտիվ հղումի տեղադրումը, նաև էլեկտրոնային կայքի տիրույթային անվանման (դոմեյնի) նշումը:

Բնույթով մամուլի տեսության ներկայացմանն ուղղված հեռարձակող կազմակերպության հաղորդումները ևս պարտավոր են պահպանել այս հոդվածով նախատեսված դրույթները:

Բացի այդ՝ եթե օրվա նորությունների կամ ընթացիկ իրադարձությունների և փաստերի մասին տեղեկատվությունը հեղինակային իրավունքի օբյեկտ չի համարվում, ապա այսուհետ այդ տեղեկատվությունը կհամարվի հեղինակային իրավունքի օբյեկտ, եթե օրվա նորությունների կամ ընթացիկ իրադարձությունների և փաստերի արտահայտման ձևը ստեղծագործական աշխատանքի արդյունք է:

Photo: Modern journalist
Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---