8 նոյեմբերի 2013 - 19:14 AMT
Միջազգային կապիտալի շուկայում շրջանառվող Հայաստանի պարտատոմսերի ձեռքբերման հնարավորություն՝ Ամերիաբանկից

Ամերիաբանկն առաջինը Հայաստանում իր հաճախորդներին ընձեռում է միջազգային կապիտալի շուկայում շրջանառվող Հայաստանի առաջին սուվերեն – ԱՄՆ դոլարով թողարկված եվրոպարտատոմսեր ձեռք բերելու հնարավորություն: Հայաստանի կողմից առաջին անգամ թողարկված եվրոպարտատոմսերի պահանջարկն արդեն հատել է 3 միլիարդ ԱՄՆ դոլարի սահմանը:

ՀՀ ֆինանսների նախարարության կողմից թողարկված եվրոպարտատոմսերը տեղաբաշխվել են Deutsche Bank AG-ի, HSBC Bank-ի և J.P. Morgan Securities-ի կողմից` 700 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով, 7 տարի մարման ժամկետով և 6% տարեկան տոկոսադրույքով: Ընդ որում, տեղաբաշխման արդյունքում ձևավորվել է առաջարկվածից ավելի ցածր գին` ներդրողների համար ապահովելով 6.25% եկամտաբերություն:

«Մուդիզ» վարկանշային կազմակերպությունը Հայաստանի վարկանիշը գնահատել է Ba2-կայուն, իսկ Fitch վարկանշային գործակալությունը՝ BB-կայուն:

Ամերիաբանկի բրոքերային ծառայությունների շրջանակում հնարավոր է նաև բազմաթիվ ֆինանսական գործիքներով գործառնություններ իրականացնել, մասնավորապես` բաժնետոմսեր, պարտատոմսեր, ֆյուչերսներ, արտարժութային (forex), դեպոզիտար ստացականներ և այլն: Այժմ արդեն բրոքերային ծառայությունների ներքո հնարավոր է իրականացնել գործառնություններ նաև Հայաստանի եվրոպարտատոմսերով: