Վարդան Պետրոսյանին երկամսյա կալանքի տակ վերցրին (թարմացված)![]() 9 նոյեմբերի 2013 - 23:25 AMT PanARMENIAN.Net - Կոտայքի ընդհանուր իրավասության դատարանը դռնփակ նիստում բավարարել է դերասան Վարդան Պետրոսյանին կալանավորելու վերաբերյալ ոստիկանության ներկայացրած միջնորդությունը․ նրան վերցրել են երկամսյա կալանքի տակ: Դերասանին տեղափոխում են «Դատապարտյալների հիվանդանոց», նրա քրոջ՝ «ո՞ւր եք տանում» հարցին ի պատասխան ասացին Շտապօգնության աշխատակիցները, գրում է «Առավոտ»-ը։ Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 21:20-ի սահմաններում, Եղվարդ-Երևան ավտոճանապարհին իրար էին բախվել «ՎԱԶ 2121» ու BMW մակնիշի ավտոմեքենաները: Վերջինի ղեկին Վարդան Պետրոսյանն էր, ում ևս 6 հոգու հետ մարմնական վնասվածքներով տեղափոխել էին հիվանդանոց, այնուհետև՝ վիրահատել: «Վազ 2121» մակնիշի մեքենայի ուղևորներից Էդգար և Էդուարդ Հակոբյանները մահացել էին: Ինչպես լրագրողներին ասել է Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը, դատարանն առանց որևէ իրավական հիմքի հուզական որոշում է կայացրել՝ պատճառաբանելով, թե դերասանն երկու երիտասարդների է զրկել կյանքից: Նա նաև տեղեկացրել է, որ կբողոքարկեն դատարանի որոշումը: Նոյեմբերի 6-ին ոստիկանությունից PanARMENIAN.Net ին հայտնել էին, որ դերասանին ձերբակալելու որոշում է կայացվել։ Նույն օրն ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Վարդան Պետրոսյանի ինքնազգացողությունը վատացել է ու նրան կրկին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն՝ հետազոտության, բայց համակարգչային տոմոգրաֆիայից հետո նրան տեղափոխեցին «Սթրես» կենտրոն` սթրեսային վիճակի ախտորոշմամբ։ Վթարի փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսագրքի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Այն վերաբերում է Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելուն, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ` պատժվում է ազատազրկմամբ` չորսից՝ տասը տարի ժամկետով, զրկելով որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից առավելագույնն երեք տարի ժամկետով: Հոկտեմբերի 3-ին դերասանին դուրս էին գրել հիվանդանոցից: Վթարից տուժած Տաթև Հակոբյանը, ով կոտրվածքներ էր ստացել, դեռևս շարունակում է բուժումը հիվանդանոցում: Հղումներ թեմայով. Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |