11 նոյեմբերի 2013 - 13:47 AMT
Նոյեմբերի 11-ն Էներգախնայողության միջազգային օրն է

Այսօր ամբողջ աշխարհում նշվում է Էներգախնայողության միջազգային օրը, որի հիմնական նպատակն է ուշադրություն հրավիրել ռեսուրսների օգտագործմանն ու էներգիայի վերականգնվող աղբյուրների զարգացմանը:

Նոյեմբերի 11-ը հայտարարվեց Էներգախնայողության օր «Ռեսուրսների ու էներգիայի օգտագործման դպրոցական նախագծի» (SPARE) նախաձեռնությամբ: Այդ մասին որոշումն ընդունվել է 2008 թվականի ապրիլին` Ղազախստանում SPARE համակարգողների միջազգային խորհրդաժողովում: Այդ որոշմանը միացան աշխարհի մի շարք երկրներ և այն ստացավ միջազգայինի կարգավիճակ:

Տոնը նշելու հիմնական նպատակն է իշխանությունների և հանրության ուշադրությունը դարձնել ռեսուրսների ռացիոնալ օգտագործման ու էներգիայի վերականգնվող աղբյուրների զարգացման վրա: Էներգիայի տնտեսումը թույլ կտա նվազեցնել շրջակա միջավայրի աղտոտումը: Բացի այդ, էներգախնայողությունը շահավետ է տնտեսապես: Դա 2-3 անգամ ավելի քիչ ծախս է պահանջում, քան էներգիայի արտադրությունն ու առաքումը: Առավել ևս, որ ամենապարզ ու տարրական միջոցները հասանելի են յուրաքանչյուրին և կարող են կիրառվել կենցաղում: Բոլոր երկրներում, որտեղ նշվում է այս տոնը, անցնում են իրազեկման միջոցառումներ:

Հայաստանի տարածքն ամբողջապես էլեկտրաֆիկացված է, աչքի է ընկնում բավականին կայուն էներգամատակարարմամբ, բոլոր տնային տնտեսություններն ունեն որակյալ և մատչելի հասանելիություն: Հայաստանն աչքի է ընկնում նաև գազաֆիկացման բարձր մակարդակով: Սակայն, Հայաստանում Էներգախնայողության և էներգաարդյունավետության մակարդակը շարունակում է ցածր մնալ, չնայած, որ կառավարությունը ընդունել է Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ազգային ծրագիրը: Ծրագրի թիրախավորված նպատակների իրականցմանը խոչընդոտում են հետևյալ գործոնները՝ էլեկտրաէներգիայի բարձր սակագինը տնային տնտեսությունների համար ցածր եկամուտների պայմաններում, աղքատության բարձր մակարդակը, անբավարար սոցիալական աջակցությունը, խոշոր արտադրությունների տեխնոլոգիաների էրնեգախնայողության ցածր մակարդակը, իրազեկման անբավարար մակարդակը, խթանիչ մեխանիզմների ու համապատասխան կառավարող կառույցների բացակայությունը, արևային էներգիայի օգտագործման ցածր մակարդակը տնային տնտեսություններում և արտադրությունում:

Այսպիսով կարևոր է վեր հանել Հայաստանի ներուժը վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտում: Որպես էներգիայի այլընտրանքային աղբյուրներ կարող են հանդես գալ արևային, հողմային, գեոտերմալ, ջրածնային, ինչպես նաև փոքր ՀԷԿ-երի էներգիան և բիոգազը:

Կառավարությունը ընդունել է Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ազգային ծրագիրը 2007 թվականին: ՀՀ էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ազգային ծրագրի հիմնական խնդիրն է նախանշել Հայաստանի էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի զարգացման ծրագրային նպատակները և որոշել դրանց հասնելու ուղիները: Գործողությունների ծրագիրն ամրագրում է մի շարք համապատասխան միջոցառումներ բարելավելու համար գործող օրենսդրության վիճակը և կիրառումը` կարողությունների զարգացման (հիմնականում հանրային ոլորտում) և կառուցվածքային դրվածքի ձևավորման համար, բոլոր ոլորտներում իրազեկման և ընդհանուր միջավայրի համար: