11 նոյեմբերի 2013 - 14:04 AMT
ԱՄՆ կոնգրեսականները մտադիր են հասնել նոր պատժամիջոցների կիրառման Իրանի դեմ

ԱՄՆ Կոնգրեսի օրենսդիրները Հանրապետական և Ժողովրդավարական կուսակցություններից պնդելու են, որ Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանվեն, որոնց նպատակն է ստիպել Թեհրանին հրաժարվել միջուկային ծրագրի իրագործումից: Այդ մասին հայտարարել է կիրակի օրը ԱՄՆ CNN հեռուստաալիքի եթերում հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը:

«Կարծում եմ, որ ԱՄՆ Կոնգրեսի անդամները երկու կուսակցություններից պնդելու են, որ պատժամիջոցների նոր փաթեթ ընդունվի,-ասել է Գրեմը:-Մենք գտնում ենք, որ միայն երկու բան կարող է համոզել իրանցիներին նստել բանակցությունների սեղանի մոտ՝ պատժամիջոցներն ու ռազմական ուժի կիրառման սպառնալիքը»: Սենատորը նշել է, որ այն մոտեցումն, որ այժմ Իրանի հարցում որդեգրել է նախագահ Օբամայի վարչակազմը, արմատապես սխալ է: Այն ենթադրում է պատժամիջոցների մեղմացում, սակայն, չի պարտավորեցնում Թեհրանին լիովին հրաժարվել միջուկային ծրագրից, հայտնում է salamnews.org-ը:

«ԱՄՆ և Իսրայելի կողմից ուժի կիրառման սպառնալիքն ու պատժամիջոցները թույլ տվեցին մեզ հասնել այս վիճակին,-ասել է Գրեմը:-Եթե հիմա մենք նահանջենք, դա սխալ ազդանշան կլինի: Նոր պատժամիջոցներից հնարավոր կլինի հրաժարվել, երբ Իրանը ճիշտ որոշում կայացնի»: «Իսրայելցիները շատ նյարդայնացած են մեր գործողություններից,-ասել է սենատորը:- Նախկինում երբեք ես այդքան մտահոգված չեմ եղել վարչակազմի մոտեցմամբ Մերձավոր Արևելքի հարցում»:

Ավելի վաղ Իրանի նախագահ Ռոուհանին հայտարարել էր, որ իր երկիրը մտադիր չէ հատել «կարմիր գիծը», հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը: Ըստ նրա, այդ գիծն իր համար հարստացված ուրան ունենալու Իրանի իրավունքն է: Իրանի նախագահը հայտարարել է, որ «ազգային շահերը, ներառյալ միջուկային իրավունքը միջազգային կանոնների շրջանակներում», չի ներառում միջուկային զենք ստանալու իրավունք: Ռոուհանին դրական է գնահատել Իրանի միջուկային ծրագրի շուրջ Ժնևում անցած բանակցությունները:

Իրանի և «վեցնյակի» (ՄԱԿ ԱԽ 5 մշտական անդամները և Գերմանիան) բանակցությունները միջուկային ծրագրի շուրջ ավարտվեցին նոյեմբերի 10-ին Ժնևում առանց համաձայնություն կնքելու: Բանակցությունների հերթական փուլը, ինչպես հայտնել է «վեցնյակի» համակարգող, ԵՄ արտաքին գործերի գծով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, տեղի կունենա Ժնևում նոյեմբերի 20-ին: