12 նոյեմբերի 2013 - 10:31 AMT
Հանրապետության գազահամակարգին է միացված 646 569 բաժանորդ

2013 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ հանրապետության գազահամակարգին է միացված 646 569 բաժանորդ: Ընթացիկ տարվա տասն ամիսներին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ փաստացի գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 8018-ով, այդ թվում 1284-ը՝ հոկտեմբեր ամսին, որն ամենաբարձր ամսեկան ցուցանիշն է տասն ամիսների արդյունքներով, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը:

Այս տարվա հուլիսի 7–ից Հայաստանում գործում են գազի և էլեկտրաէներգիայի նոր սակագներ, որոնք հաստատվել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից։ Այսպես, ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր գազ սպառող բաժանորդների համար սակագինը կազմում է 156 հազար դրամ ամեն 1000 խորանարդ մետրի համար (ներառյալ ԱԱՀ–ն) նախկին 132 հազար դրամի փոխարեն։

Հայ-ռուսական «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությունը ստեղծված է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության, «Գազպրոմ» բաց բաժնետիրական ընկերության եւ «Իտերա» միջազգային էներգետիկական կորպորացիայի կողմից` 1997թ. օգոստոսի 30-ին կնքված հիմնադիր պայմանագրի, Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության հիման վրա, Հայաստանի Հանրապետության կառավարության եւ «Գազպրոմ» ռուսական բաժնետիրական ընկերության միջեւ 1997թ. հունվարի 18-ին Մոսկվայում կնքված «Հայաստանի Հանրապետության տարածքում գազամուղների կառուցման եւ շահագործման, Հայաստանի Հանրապետության տարածքով ռուսական բնական գազի տարանցման, էլեկտրաէներգիայի արտադրության եւ երրորդ երկրներ դրա տարանցման մասին» համաձայնագրի համաձայն: Ընկերությունը ստեղծված է 50 տարի ժամկետով: Ընկերության գործունեության ժամկետը կարող է երկարաձգվել բաժնետերերի փոխադարձ համաձայնությամբ: Ընկերության ստեղծման հիմնական նպատակն է նոր ստեղծվող տարանցիկ գազամուղների եւ գազի ստորգետնյա պահեստարանների նախագծման, ֆինանսավորման, կառուցման եւ շահագործման գծով ծրագրերի իրականացումը, ինչպես նաեւ գործող գազատար համակարգերի ընդլայնումը, վերակառուցումն ու դրանց շահագործումը, շահույթի ստեղծումը: