12 նոյեմբերի 2013 - 12:20 AMT
ԱՄՆ Պետքարտուղարություն. Ֆրանսիան փորձում է շեշտել իր կարևորությունն Իրանի վերաբերյալ բանակցություններում

Ֆրանսիան վետո է դրել Իրանի ու ԱՄՆ միջև փոխզիջումային համաձայնության վրա, քանի որ, ըստ Փարիզի, այնտեղ առկա էին ոչ բոլոր պահանջները միջուկային ծրագրի դադարեցման վերաբերյալ, հայտնում է Le Monde-ը: Ինչպես պնդում են պարբերականի աղբյուրները դիվանագիտական շրջանակներում, ֆրանսիացիները գիտեին Թեհրանի ու Վաշինգտոնի երկկողմ բանակցությունների մասին և չէին ցանկանում, որ Սպիտակ տունը պայմանավորվի Իրանի հետ, շրջանցելով «5+1» խմբի գործընկերներին:

Շահերի համընկնումն ու հոգնածությունն արդեն 10 տարի շարունակ լճացող բանակցություններից, ստիպեց երկու կողմերին փոխզիջում որոնել: Դա այնքան մտահոգեց Ֆրանսիային, որ ստիպեց նրան դուրս գալ ստվերից ու խախտել լռությունը, որ մինչ այդ պահպանում էին բանակցային գործընթացի բոլոր մասնակիցները:

Հենց որ Ֆրանսիայի ԱԳՆ-ում իմացան, որ նոյեմբերի 8-ին բանակցություններին պատրաստվում է մասնակցել ինքը Ջոն Քերին, Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը վերանայեց իր ժամանակացույցն ու ժամանեց Ժնեև ԱՄՆ պետքարտուղարից շուտ: Շվեյցարիա ոտք դնելուն պես նա կարճ հայտարարությամբ հանդես եկավ. «Մենք ցանկանում ենք, որ համաձայնագիրն առաջին լուրջ պատասխանը դառնա Իրանի միջուկային ծրագրի հետ կապված մտավախություններին: Կա որոշակի առաջընթաց, բայց ոչինչ որոշված չէ»: Հաջորդ օրն Ֆաբիուսը ավելի անկեղծ էր: «Կան մի քանի պահեր, որոնք մեզ չեն գոհացնում»,-հայտարարել է Ֆաբիուսը, նկատի ունենալով Արակի ռեակտորն ու ուրանի հարստացումը:

ԱՄՆ արձագանքը երկար չսպասեցրեց: «Ամերիկացիները, ԵՄ-ն և իրանցիներն ակտիվորեն աշխատում են այդ առաջարկի վրա արդեն մի քանի ամիս, սա ոչ այլ ինչ է, քան պարոն Ֆաբիուսի իր կարևորությունն ընդգծելու ուշացած փորձ»,-լրագրողներին է ասել ԱՄՆ դիվանագետը Քերիի շրջապատից: «Մի կասկածեք՝ զրոյական գումարով խաղերը, սառը պատերազմի մտածելակերպը ընդհանուր պարտության պատճառ կդառնան»,-այդպես է արձագանքել Twitter-ում Իրանի նախագահ Ռոուհանին:

«Սակայն համաձայնությունն, այնուամենայնիվ, ձախողվեց»,-ամփոփում են Le Monde-ի թղթակիցները՝ տեղեկացնելով, որ բանակցությունների հաջորդ փուլը կմեկնարկի Ժնևում նոյեմբերի 20-ին, գրում է Inopressa-ն:

Իրանն ու «վեցնյակը» չկարողացան պայմանավորվածության հասնել Ժնևում նոյեմբերի 7-9 կայացած բանակցություններում: Եթե նոյեմբերի 20-ին հաջողվի այնուամենայնիվ համաձայնության հասնել, ապա Թեհրանը կկարողանա հասնել պատժամիջոցների մեղմացմանը, որի հետևանքով սառեցված են նրա բոլոր ակտիվներն արտերկրում և կասեցված է նավթի վաճառքը: Պատժամիջոցների մեղմացման գործում վճռորոշ կարող է լինել ԱՄՆ դերը, որն արդեն շուրջ 30 տարի է դիվանագիտական կապեր չունի Իրանի հետ:

Իսրայելը հենց սկզբից կտրուկ դեմ էր Իրանի հետ բանակցություններին՝ պնդելով, որ առաջինը կդառնա ատոմային ռմբակոծության զոհը Թեհրանի կողմից: Ըստ փորձագետների, մեկ տարուց Իրանը կարող է արդեն միջուկային ռումբ ունենալ: Իրանի նախագահ Ռոուհանին հայտարարել է, որ «երկրի ազգային շահերը, չեն ներառում միջուկային զենքի մշակում: Նա դրական է գնահատել ժնևյան բանակցությունները: