13 նոյեմբերի 2013 - 17:03 AMT
Սերգեյ Լավրով. ՌԴ-ն ու ԱՄՆ-ն կարող են միասին կարգավորել տարածաշրջանային հակամարտությունները

Մոսկվան ու Վաշինգտոնը բոլոր հնարավորություններն ունեն տարածաշրջանային ճգնաժամերի համատեղ կարգավորման համար: Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի ողջույնի խոսքում, ուղղված «ԱՄՆ-ում Ռուսաստանի փոփոխվող ընկալումը. Ռուսաստանում ԱՄՆ-ի փոփոխվող ընկալումը. 1933-2013 թթ.» միջազգային խորհրդաժողովի մասնակիցներին:

Լավրովը նշել է, որ 80 տարի առաջ՝ 1933 թ. նոյեմբերի 16-ին, ոչ միայն ամփոփվեց համատեղ պատմության բավականին բարդ շրջանը, այլ նաև նոր շրջան բացվեց երկու տերությունների համագործակցության համար: «Ելնելով հարուստ պատմական փորձից՝ ՌԴ-ն ու ԱՄՆ-ն այսօր բոլոր հնարավորություններն ունեն տարածաշրջանային ճգնաժամերի ու հակամարտությունների կարգավորման համար: Վստահ եմ, որ մեր երկրները պետք է կյանքի կոչեն առկա ներուժն ու ավելացնեն առևտրի ու ներդրումների ծավալները»« հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Հոկտեմբերին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Բալիում քննարկեցին սիրիական հարցը:

«Մենք համաձայնության ենք եկել, որ հակամարտության ռազմական սցենարը անհնար է ու անընդունելի»,-հայտարարել է Քերին: «Ծայրահեղական գործողություններն անընդունելի են անկախ կոնկրետ ուժերի կարգավիճակից»,-հավելել էնա: «Մենք քննարկեցինք մեր ընդհանուր նպատակը, այն է՝ վերջ դնել պատերազմին Սիրիայում քաղաքական ճանապարհով: Մենք այդ գործընթացը ժողովրդավարական կդարձնենք»,-ասել է ԱՄՆ պետքարտուղարը:

«Մենք Ջոն Քերիի հետ հաստատեցինք մեր վճռականությունն անել ամեն ինչ, որպեսզի նպաստենք ահաբեկչության դեմ պատերազմին Սիրիայում»,-ասել է Լավրովը:

Ժնևի խորհրդաժողովը գումարվելու է Ռուսաստանի և ԱՄՆ նախաձեռնությամբ: ԱՊԼ գլխավոր քարտուղարը նշել է խորհրդաժողովի մոտավոր օրը՝ նոյեմբերի 23-ը:

Սիրիայում արդեն 2 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 150 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:Ամեն օր մոտ 6 հազար սիրիացի փախստական է դառնում: