Հասան Ջեմալ. 1915 թվականից ի վեր Թուրքիան մեծ հաշվով չի փոխվել

Հասան Ջեմալ. 1915 թվականից ի վեր Թուրքիան մեծ հաշվով չի փոխվել

PanARMENIAN.Net - Մինչև 2015 թվականը Թուրքիան պետք է ճանաչի իր ոճրագործությունները և ներողություն խնդրի Ցեղասպանության համար հայ ժողովրդից: Այդ մասին հայտարարել է թուրք լրագրող, Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Ջեմալ փաշայի թոռ Հասան Ջեմալը: Ինչպես գրում է T24 թերթը, Ջեմալը հիշեցրել է, որ հայերը Անատոլիայի բնիկներն են: «Նրանք ապրել են այստեղ անհիշելի ժամանակներից մինչև 1915 թվականը: Մինչ օրս Թուրքական Հանրապետությունը չհասկացավ ու չկիսեց նրանց՝ հողն ու գույքը կորցնելու ցավը: Երկու երկրների միջև սահմանը պետք է բացվի, դիվանագիտական հարաբերությունները պետք է հաստատվեն առանց նախապայմանների»,-ասել է նա՝ հավելելով՝ կառավարությունը պետք է վերանայի իր վերաբերմունքը հայերի հանդեպ և նոր ու ճշմարտացի դասագրքեր գրի:

Հասան Ջեմալը գրում է նաև. «Արդյո՞ք այս հարցն իրեն տալիս է Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Պետք է այդ մասին մտածել, առավել ևս, որ 1915 թվականից ի վեր Թուրքիան մեծ հաշվով չի փոխվել»,-ասել է լրագրողը:

Հասան Ջեմալը Օսմանյան կայսրության գլխավոր ռազմական հանցագործներից մեկի, Հայոց ցեղասպանության կազմակերպիչ Ջեմալ փաշայի թոռն է: 2008 թվականին Երևանում նա այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Հուշամատյանում Ջեմալը գրել է. «Ժխտել Հայոց ցեղասպանությունը նշանակում է լինել մարդկայնության դեմ այդ հանցագործության հանցակիցը»:

2012 թվականին Հասան Ջեմալը հրապարակեց «1915 թվական. Հայոց ցեղասպանություն» գիրքը:

Ահմեդ Ջեմալ փաշան սպանվեց 1922 թ. Թիֆլիսում ՀՅԴ անդամներ Պետրոս Տեր-Պողոսյանի և Արտաշես Գևորգյանի ձեռքով, Հայոց ցեղասպանության կազմակերպիչների ոչնչացման «Նեմեզիս» գործողության շրջանակում:

Հղումներ թեմայով.
Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:

Դեռևս Ցեղասպանության իրագործման տարիներին` 1915-23թթ. տերությունները ընդունեցին հայերի կոտորածը դատապարտող բանաձևեր: ԱՄՆ-ն երեք անգամ (1916, 1919, 1920) նմանատիպ բանաձևեր է ընդունել, սակայն դա չկասեցրեց Օսմանյան կայսրության գործողությունները: 1915թ. Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես եկան համատեղ հռչակագրով` դատապարտելով հայերի բնաջնջումը:

Աշխարհի շատ երկրներ և ազդեցիկ միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Պաշտոնապես առաջինը Հայոց ցեղասպանությունն ընդունել և դատապարտել է Ուրուգվայը 1965թ-ին: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի խտրականության կասեցման և փոքրամասնությունների պաշտպանության կանխարգելման ենթահանձնաժողովը, ՄԱԿ-ի ռազմական հանցագործությունների գծով հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Հայերի ոչնչացումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել Ֆրանսիան, Ավստրիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Կանադան, Վատիկանը, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Գերմանիան, Պարագվայը, Սիրիան և ԱՄՆ-ի 45 նահանգ:

Բելգիայում և Շվեդիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն է սահմանված (45 հազար եվրո տուգանքից մինչև 1 տարվա ազատազրկում): 2006թ. հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ ընդունեց, որի համաձայն Հայոց ցեղասպանության ժխտումը կքրեականացվի, ինչպես Հոլոքոսթը:

Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը և վարում է այդ փաստի ժխտման ներքին և արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---