13 նոյեմբերի 2013 - 22:18 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Վարչապետը Սարգսյան-Ալիև հանդիպման ու Ստեփանակերտի օդանավակայանի մասին

Ազգային ժողովում այսօր՝ նոյեմբերի 13-ին, կառավարության հարցուպատասխանին «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին հարց է ուղղել՝ ի՞նչ զարգացումներ կան ու ի՞նչ սպասել Սերժ Սարգսյան - Իլհամ Ալիև հանդիպումից։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ բացի արդեն իսկ տարածած տեղեկատվությունից, այն է՝ երկու նախագահների հանդիպումը, ներկայում այլ տեղեկատվություն չունեն, գրում է Tert.am-ը:

«Այս պահին որևիցե նոր տեղեկատվություն, որը լավատեսություն է ներշնչում, չունենք: Առաջին հերթին մեր նպատակն է ապահովել երկխոսությունն ու բանակցային գործընթացի շարունակականությունը»,- նշել է կառավարության ղեկավարը:

Անցած շաբաթ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան այցելության արդյունքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել նոյեմբերին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման վերաբերյալ:

«Հրապարակ»-ն այսօրվա իր համարում սեփական աղբյուրներին հղումով գրել էր, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը կկայանա նոյեմբերի 19-ին՝ Վիեննայում կամ Ցյուրիխում։

Աղվան Վարդանյանի հաջորդ հարցին, թե ինչ նորություններ կան Ստեփանակերտի օդանավակայանի վերաբերյալ, վարչապետը վստահեցրել է, որ հարցն օրակարգի կարևորագույն խնդիրներից է:

«Չափազանց կարևոր է, որ օդանավակայանի շահագործման խնդիրը զերծ պահենք քաղաքական սպեկուլյացիաների դաշտ տեղափոխելու խնդրից, ինչն այսօր ինտենսիվ անում է Ադրբեջանը»,- վարչապետին է մեջբերում «Այսօր»-ը: Տիգրան Սարգսյանը նաև հավելել է, որ այս հարցում նպատակ կա «օդանավակայանի շահագործմանը հասնել առանց խնդրի շուրջ լարվածության»։ ԼՂՀ մայրաքաղաքում կառուցված օդանավակայանն ամբողջովին պատրաստ է գործարկմանը։ Այն կառուցված է միջազգային ստանդարտներին համապատասխան ու կարող է սպասարկել մինչև 100 ուղևոր մեկ ժամվա ընթացքում։ Նախագիծն արվել է հաշվի առնելով հետագայում միջազգային ռեյսեր իրականացնելու հնարավորությունը։

ՖՈՏՈՇԱՐՔ