15 նոյեմբերի 2013 - 12:59 AMT
Նորվեգիան կօգնի ոչնչացնել Սիրիայի քիմզենքը

Նորվեգիան իր նավերը կգործուղի Սիրիա, օգնելու համար դուրս բերել այդ երկրի ոչնչացման համար նախատեսված քիմիական զենքը, հայտնում է AP գործակալությունը նորվեգական ԱԳՆ ղեկավար Բորգե Բրենդեի վրա հղումով: Ըստ նախարարի, սիրիական նավահանգիստներ կգործուղվեն նորվեգական ՌԾՈւ երկու նավեր, որից մեկը բեռնատար, որոնք պատրաստ կլինեն տարհանել զենքը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Նոյեմբերի սկզբին ԶԼՄ-ներում տեղեկատվություն է հայտնվեց, որ Դամասկոսի քիմիական զենքի արսենալները կարող են ոչնչացվել Ալբանիայում:

Զենքը դուրս բերելու պատրաստակամություն էր հայտնել նաև Դանիան, այդ հարցը պետք է հավանության արժանանա երկրի խորհրդարանում:

ԱՄՆ-ն ու Ռուսաստանը հուսով են, որ քիմիական զենքն ամբողջությամբ դուրս կբերվի Սիրիայից մինչև տարեվերջ, և կոչնչացվի մինչև 2014 թվականի ավարտը՝ նախնական ժամկետից կես տարի ուշ:

Նոյեմբերի 15-ին Քիմիական զենքի արգելման կազմակերպության գործկոմը պետք է հաստատի Սիրիայից քիմիական զենքի տարհանման ու ոչնչացման մանրամասն ծրագիրը: Ակնկալվում էր, որ զենքի ոչնչացումը կավարտվի 2014-ի կեսին: 2013 թվականի դեկտեմբերի 21-ին Սիրիայից պետք է դուրս բերվեն քիմիական զենքի պատրաստման բոլոր նյութերը, բացի իզոպրոպանից: Այն պետք է ոչնչացվի տեղում մինչև 2014 թվականի մարտի 1-ը:

ՔԶԱԿ փորձագետների խումբը գտնվում է Սիրիայում 2013 թվականի հոկտեմբերի 1-ից: ՄԱԿ ԱԽ-ն սեպտեմբերի 27-ին միաձայն հավանություն տվեց Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման վերաբերյալ բանաձևին: Բանաձևը բացառում է ուժի կիրառումը Սիրիայում և ընդհանրապես 7-րդ հոդվածի ցանկացած կիրառում: ՄԱԿ կանոնադրության 7-րդ հոդվածը կոչվում է «Գործողությունները խաղաղության սպառնալիքի, խաղաղության խախտման և ագրեսիայի ակտերի դեպքում», որով նախատեսվում է պատժամիջոցների կիրառում ԱԽ որոշմամբ, ինչպես նաև զինված ուժերի կիրառում «միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման կամ վերականգնման համար»:Բանաձևի տեքստն ընդունվեց Ռուսաստանի և ԱՄՆ ինտենսիվ բանակցությունների արդյունքում: Նրա հիմքում 2013թ. սեպտեմբերի սկզբին Ժնևում ընդունած համաձայնությունն է:

Սիրիայում արդեն 2 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 115 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:Ամեն օր մոտ 6 հազար սիրիացի փախստական է դառնում: